Խաչիկ Մանուկյանը կրկին դատական քաշքշուկների մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու Խաչիկ Մանուկյանը, ով հետագայում հրաժարվեց մանդատից, դատական քաշքշուկների մեջ է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանն անվավեր ճանաչի իր ընկերության եւ «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պայմանագիրը:

Ի դեպ նշենք, որ նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի թռչնաբուծական ֆաբրիկան առաջին անգամ չէ, որ հայտնվում է դատարանում: Ինչպես հայտնի է` այն պատկանում է «Մաքս» կոնցեռնի հիմնադիրներ Խաչիկ Մանուկյանին ու ԱԺ ՀԱԿ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի եղբորը` Մհեր Բագրատյանին:

Իսկ ինչ դատական քաշքշուկի մասին էր խոսքը:

Այսպես, ժամանակին «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը վարկային պայմանագիր է կնքել «Լուսակերտ»-ի հետ՝ ընկերությանը տրամադրելով 4.5 միլիոն դոլարի չափով վարկ՝ մինչև 2015թ. սեպտեմբեր մարման վերջնաժամկետով:

Սակայն, թերևս հայտնի տնտեսական պատճառներով, «Լուսակերտ»-ը չի կարողացել պարտավորությունները կատարել և բանկին մինչ այժմ պարտք է 2.7 միլիոն դոլար:

Անցյալ տարի բանկը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» սնանկ ճանաչվի: Սակայն, «Լուսակերտ»-ի տերերը հասցրել են հակընդդեմ հայցերով հանդես գալ դատարանում:

Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, երկու ընկերությունների միջեւ դատական պրոցեսները չեն ավարտվել եւ դեռ ավելին` նոր դատական գործընթացներ են սկսվել:




Լրահոս