ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն: Նախագիծը նպատակ ունի պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից:
«Մասնավորապես, բազմաթիվ են այն դեպքերը, երբ առանց հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքելու կամ հաստատելու, հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ:
Այսինքն, անձը հաղորդում ներկայացնելիս ի սկզբանե հայտնվում է սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում, այն դեպքում երբ դեռևս հստակ չէ այն քրեական գործի ճակատագիրը, որի մասին այդ անձը հայտնել է: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձի նկատմամբ սուտ մատության դեպքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ և հիմնավորված կերպով հերքել է հաղորդման մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, ինչը կբացառի այն մտավախությանը, որ հանցագործության հաղորդում տված անձը կարող է հեշտությամբ հայտնվել սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում: Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ հարցը բաց է քննարկման համար, և ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները»,- տեղեկացրել է նա: