Արարատի մարզպետն ընդդեմ նախկին քաղաքապետի կադրերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 4 դպրոցի տնօրենի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Ավելին այն նոր երանգներ է ստանում:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պաշտոնից ազատել էր Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանին`պատճառաբանելով նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը: Ինչպես հայտնի է`Նարինե Մուրադյանը Արտաշատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մուրադյանի քույրն է: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` մարզպետ Գրիգորյանի` Նարինե Մուրադյանին աշխատանքից ազատելn այլ պատճառներ ունի: Պարզվում է, որ Գագիկ Մուրադյանի կինը` Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանը, ում նույնպես աշխատանքից ազատել էր մարզպետը, դիմել է դատարան: Ինչն էլ խիստ մտահոգել է մարզպետին եւ վերջինս փորձել է Սերինե Հայրապետյանի հարազատներից այս կերպ «վրեժը լուծել»:

ArmLur.am-ը պարզեց, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, իսկ թեկնածուները երկուսն են`նախկին տնօրեն Նարինե Մուրադյանը եւ Մրգավան գյուղի դպրոցի ուսուցչուհի, նույն թիվ 4 դպրոցի ԺՊ Սոնիկ Դավթյանը: Սակայն Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը չի կայացել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատճառը դպրոցի խորհրդի կազմի չհավաքվելն է` ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ անգամ: Եթե առաջին նիստում բացակա էին երեք անդամները, ապա երկրորդում բացի խորհրդի նախագահ Արմենուհի Հայրապետյանից որեւէ մեկը չի ժամանել դպրոց:

Դպրոցի ուսուցչուհիների խոսքերով, Նարինե Մուրադյանը գիտական հոդվածի հեղինակ է, ՀՀԿ անդամ, շնորհակալագրեր է ստացել եւ պարգեւատրվել Սերժ Սարգսյանի կողմից: Նրանց ներկայացմամբ` Մրգավան գյուղի դպրոցի ուսուցչուհին, ով այժմ Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենի ԺՊ-ն է, ընդամենը մեկ ամիս աշխատել է որպես մանկապարտեզի տնօրեն, չունի վարչական աշխատանքի փորձ: Ըստ թիվ 4 դպրոցի որոշ ուսուցիչների`խորհրդարանական ընտրություններում «ակտիվ գործունեություն է ծավալել»:
Նարինե Մուրադյանի կողմնակիցները պնդում են, որ ըստ օրենքի`Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի հարցը պետք է որոշի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրանք ArmLur.am-ին պատմեցին հետեւյալը. «Նարինե Մուրադյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու որեւէ խնդիր չէր ունենա, եթե ինչ որ մեկի թեթեւ ձեռքով խորհրդարանական ընտրությունների ընթացքում չսեւացվեր նրա աշխատանքը, որպես կուսակցության անդամ, նրա մասին ստահոդ հոդված հրապարակելով: Որից հետո` ուսումնական տարվա ավարտից 10 օր առաջ, Արտաշատ քաղաքի թիվ 4 դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց այլ դպրոցի ուսուցչուհի Սոնիկ Դավթյանը: Հիմա` երկուսն էլ ներկայացրել են իրենց ծրագիր–տեսլականները դպրոցի այսօրվա ու վաղվա մասին, թե դրանցից ո՞ր մեկինը դրական կգնահատեն ՀՀ կառավարությունում, այս պահին դժվար է կանխատեսել: Մանկավարժական ստաժն ու որակավորումները հաշվի կառնե՞ն, թե` վերեւներից այլ հրահանգներ կան: Հուսանք, որ ՀՀ կառավարության ու անձամբ Վաչե Գաբրիելյանի ընտրությունը լրացուցիչ նոր հարցադրումներ չի առաջացնի Արտաշատում, թիվ 4 հիմնական դպրոցում»:

ArmLur.am-ին չհաջողվեց կապ հաստատել Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնիկ Դավթյանի հետ: Պատրաստ ենք հրապարակել նաեւ երկրոդ կողմը: Դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մուրադյանը նույնպես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նկատենք, որ այս օրերին Նարինե Մուրադյանի կողմնակիցներն այս հարցում ավելի ակտիվ են, քան ինքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս