«ժողովուրդ» թերթի` սոցապ նախարարությանն ուղղված այն հարցի պատասխանից, թե չվճարված կենսաթոշակներից որքան գումար է վերադարձվել պետբյուջե 2010 եւ 2011 թվականների հունվար եւ փետրվար ամիսներին, այսպիսի պատկեր ստացանք:2010 թվականի հունվարին պետբյուջե է վերադարձվել 666 միլիոն 821 հազար դրամ, 2011 թվականի նույն ամսին` 1 միլիարդ 365 միլիոն 630 հազար դրամ: Տարբերությունը` 698 միլիոն 809 հազար դրամ:2010 թվականի փետրվարին չվճարված կենսաթոշակներից պետբյուջե է վերադարձվել 557 միլիոն 590 հազար դրամ, 2011 թվականի նույն ամսին` 1 միլիարդ 601 միլիոն 53 հազար դրամ: Տարբերությունը` 1 միլիարդ 43 միլիոն 689 հազար դրամ: Մեկնաբանություններն այս դեպքում ոչ թե ավելորդ են, այլ հույժ անհրաժեշտ, եւ առաջին հերթին հարցերն ուղղում ենք մի մարդու, որը նախորդ վեց տարիներին, այս թվում «պրոբլեմային» 2010 թվականին ղեկավարել է ոլորտը` հանրահայտ Վազգեն Խաչիկյանին: -Պարո՛ն Խաչիկյան, իսկ դուք տեղյա՞կ եք թվերից: «Հայփոստ»-ից ստացած տվյալներով ճշտել ենք, որ 2010 թվականի փետրվարին 2011-ի համեմատ պետբյուջե է վերադարձվել ընդամենը 557 միլիոն դրամ, մեկ միլարդ դրամ պակաս, քան այս տարի: Ինչպե՞ս կմեկնաբանեք:-Գայանե՛, Դուք մի անգամ լավ գրել էիք, որ 25 հազար մեռած հոգիներ…-35 հազար…-Եվ գրել էիք, որ դա կազմում է 2,4 միլիարդ դրամ, եւ գրել էիք, որ Խաչիկյանը կերել է:(Բայց մենք երկուս ու կես միլիարդի մասին ոչ մի խոսք չէինք գրել, երեւի պարոն Խաչիկյանն իր կարողությունների չափն ակամա խոստովանեց: Կամ ավելի լավ գիտի: Հավանաբար պատահական վրիպում չէ նաեւ 25 հազար թիվը):-Միայն Ձեր անունը գիտեի, եթե ուրիշների անունները տաք, կգրենք:-Դե ուրեմն գրե՛ք, որ Խաչիկյանը երկուս ու կես միլիարդը ձեռքին Կանարյան կղզիներում հանգստանում էր եւ չուզեց մեր հարցերին պատասխանել: Ինչ որ գրում եք, պարզե՛ք, նո՛ր գրեք:-Մի րոպե կարո՞ղ եք ինձ լսել:-Լսելուց առաջ նախորդ անգամ որ գրել էիք, բարի լինեիք հարցնեիք: -Ես գրել եմ` համեմատելով կենսաթոշակային հիմնադրամից ստացած նոյեմբեր-դեկտեմբեր եւ «Հայփոստ»-ի տրամադրած 2011 թվականի հունվար ամսվա տվյալների տարբերությունը: Բացի դրանից, նաեւ սեփական վերլուծություն եմ արել մեկ գյուղի օրինակով: Տեսե՛ք, կոնկրետ գյուղում 15 հոգու մաքրել են ցուցակներից, 15-ը բազմապատկած 1000-ով… գիտե՞ք` հանրապետությունում մոտ հազար գյուղ կա…-1000 չէ, 937:-Այո՛, ճիշտ է, կլինի 15 հազար, մարզկենտրոններն էլ` մոտ երկու հազար, դուրս եկավ մեր ստացած թիվը, որ միայն մարզերում «մաքրել» են 17 հազար մարդ, հիմնականում` արտագաղթած:-Ապրե~ս, բայց հաշվի՛ առ, որ մենք մարզերում թոշակ չենք բաժանել, թոշակը բաժանել է «Հայփոստ»-ը:-Ի՞նչ կապ ունի` ով է բաժանել, նրանք բաժանել են Ձեր տրամադրած տվյալներով, անուններով ու ցուցակներով:-Գայանե՛, դու ի՞նչ մասնագետ ես:-Թատերագետ:-Բա որ թատերագետ աղջիկ ես, այդ կարգի հարցերը մասնագետին են հարցնում, նրանք էլ պատասխանում են:-Թո՛ւյլ տվեք շարունակեմ: Ես կարծում եմ` հետեւյալն է տեղի ունեցել. գյուղերում հիմնականում արտագաղթածների անուններ են եղել ցուցակներում, թույլ չէին տա մահացածների…-Ի՞նչ մահացածների մասին է խոսքը, Ձեր ասած 15 հոգին մահացա՞ծ էին:-Ոչ, եւ կարծում եմ, որ Ձեզ բամբասում են գիտե՞ք որ մասով, եթե ցուցակներում մահացածների անուններ են եղել, դա եղել է քաղաքներում, քանի որ գյուղերում ցուցակները ավելի տեսանելի էին, ուստի քիչ հավանական է:-Իսկ քաղաքում, ի՞նչ ես կարծում, թո՞ւյլ էին տալու: Մահացածները մեխանիկորեն դուրս են մնում: Եվ առ էսօր դեպք չի եղել, որ մարդը մահանա, նրանք չուզենան հանել:-Ես ուղղակի նստել եմ հեռախոսի առաջ եւ պաշտոնական թվեր եմ հարցրել, որի արդյունքում խայտառակ չարաշահումների պատկեր է ստացվել:-Վճարման ցուցակի հետ մենք կապ չունենք եւ չենք էլ կարող ունենալ:-Ցուցակները բոլորին ուղարկել է սոցապ նախարարությունը: Ինչո՞ւ եք Ձեր վրայից գցում: Ձեր կարծիքով գյուղերի ցուցակն ո՞վ է կազմել, գյուղապե՞տը: «Հայփոստ»-ը վճարել է Ձեր ցուցակով: Այդպես չէ՞: -Դրա փոխարեն գնա՛ Մասիսի տարածքային բաժին, իրենց հարցրո՛ւ` ոնց է լինում, ինքդ էլ պատկերացրո՛ւ, մոտդ հարցեր չեն ծագի, եւ էդ թվերն էլ չեն լինի:-Ես նրբորեն հարցնեմ հետեւյալը. իմ նշած գյուղում մշտապես եղել է 15 հոգու անուն, որը եկել ու հետ է վերադարձել: էդ փողն ո՞ւր է:-Էդ մարդը կարող է հետ գա, ի՞նչ, մենք նրան ցուցակներից հանե՞նք:-Ո՞նց չհանեք, էդ մարդը 20 տարի այստեղ չի, գյուղապետն էլ լավ գիտի, ընտանիքն էլ, հիմա Ձեզ եմ հարցնում` այդ կարգի մարդկանց անունով տարիներով դուրս գրվող թոշակներն ո՞ւր են:-Էդ մարդկանց փողերը մուտք ենք արել պետական բյուջե:-Որտե՞ղ են էդ փողերը: -Ձեր նշած միլիոննե՞րը: -Բայց Ձեր օրոք պետբյուջե են վերադարձվել միլիոններ, հիմա` միլիարդ, պատկերացնո՞ւմ եք դրանց տարբերությունը:- Ինչո՞ւ եք վրդովվում:-Փաստերը աղաղակող ձեւով խոսուն են: Ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ: Մի քիչ էլ վատ եմ զգում, որ միայն Ձեր անունն է շրջանառվում:-Այդ դեպքում դիմեք տարածքային համապատասխան բաժանմունքներին, կիմանաք: Հետաքննությունն էլ նույնը ցույց կտա:-Ավելի կոնկրետ հարցնեմ, Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Ձեր օրոք պետբյուջե միայն մեկ ամսում միլիարդ դրամից պակաս է… Ի՞նչ կատարվեց մեկ տարվա մեջ:-Մինչեւ ես չծանոթանամ, թե ոնց են ձեւավորվել այդ թվերը…-Ե՞րբ պիտի ծանոթանաք: Չէ՞ որ Ձեր անձին ու վարկին է առնչվում: Ես Ձեր տեղը լինեի, արագ կծանոթանայի:-Ինչո՞ւ է միայն ինձ առնչվում:-Որովհետեւ Դուք եք ղեկավարել:-Էնպես չի, որ մենակ իմ անունը գիտեն:-Դե Դո՛ւք տվեք այդ անունները: Ովքե՞ր կարող են մեղավոր լինել:-Ես դատավոր չեմ:-Լավ, կասկածելի, տարօրինակ չե՞ք համարում… (ստիպված ենք հարցը երրորդել):-Եթե այդքան տեղյակ եք, ուրեմն պիտի իմանաք, որ վերջին մեկ տարում թոշակները նաեւ բարձրացել են:-Ինչքա՞ն: Մեկ տարվա ընքացքում շատ աննշան է բարձրացել…-Ո՞վ է ասում: Տասնը քանի տոկոս բարձրացել է:-Տեղյակ եմ, որ նոյեմբերի 1-ից մոտ 2500 դրամով ավելացել է:-Գայանե՛, կներեք, ես հիմա քաղաքացիական անձ եմ, ես պարտավոր չեմ քո հարցերին պատասխանել: -Դուք ինչո՞ւ եք ջղայնացած խոսում:-Ո՞վ է ջղայնացած, ինձ նման բարեհամբույր մարդ…- Իբրեւ թատերագետ` ես լավ էի հիշում Ձեր դեմքի արտահայտությունը, թե ինչպես էիք կարեկեցում հայ թոշակառուներին: Ու ինձ զարմանալի թվաց, որ այդպիսի կարեկից մարդը կարող է կանգնած լինել այդպիսի բուրգի գլխին:-Ախր մենք պարտավոր էինք այդ մարդկանց ցուցակներում թողնել: Գալիս է վճարման ցուցակը ու հետ է վերադառնում:-Ո՞ւմ գրպանն են գնացել արտագաղթածների գումարները: Ո՞ւմ հետ եք կիսվել…-Դատախազական հարցեր մի՛ տվեք: Ինչո՞ւ եք կարծում, որ էդ 23 հազար մարդը…-35 հազար, ես լավ եմ հաշվել, 28 հազար Երեւանում եւ 17 հազար մարզերում: Լավ, հիմա Դուք իսկապե՞ս Կանարյան կղզիներում եք:- Տո չէ՛, ես հիմա տանը նստած նարդի եմ խաղում:- Ինչո՞ւ: Ձեր ասած կղզիները գնալու փող չունե՞ք:-Որտեղի՞ց: Համ էլ ես Հայաստանից տեղ չեմ գնալու:-Լավ, անկեղծ կասե՞ք` ում հետ եք կիսվել այդ գումարները:-Ոչ մեկի: Դատախազական հարցեր մի՛ տվեք:Զրուցեց` ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԻԼԻԱՐԴ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՊԵԿ ԱՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ