Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված սովալդի դեղով մեր երկրում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր է իրականացվում։ Այն կյանքի չէր կոչվի առանց ժամանակակից այդ դեղն արտադրող, աշխարհում ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքի։
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։
Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուն և ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին։
Նախարարը նշել է, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։
Կարևորելով «Գիլեադի» աջակցությունը` նախարարն առաջարկել է համատեղ իրականացնել նաև հայ մասնագետների լրացուցիչ վերապատրաստում ժամանակակից դեղերով բուժումն առավել արդյունավետ կատարելու համար։
Այնուհետև, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ստեղծված համագործակցությունը։
Առաջիկայում դեղ արտադրող խոշորագույն կազմակերպությունը հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։
Նշենք, որ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ
ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։