Այրումի համայնքապետարանը՝ մանկապարտեզի հետ նույն շենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Խոշորացված Այրումի համայնքապետարանը տեղակայված է Այրում քաղաքի մանկապարտեզի հետ նույն՝ երկհարկանի շենքում:

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ դժվար է համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը մանկապարտեզի հետ, նույն կառույցում կազմակերպելը: Տավուշի մարզխորհրդի՝ հուլիսի 27-ի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը Արայիկ Պարանյանին առաջարկել է համապատասխան մասնագետներ ուղարկել Այրում քաղաքի մուտքի մոտ գտնվող կիսակառույց շենք, որպեսզի այդ շենքի տանիքը կառուցելու համար կազմեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Մարզպետը նպատակ ունի կիսակառույցը ամբողջովին կառուցել, վերանորոգել եւ դարձնել Այրումի համայնքապետարանի շենք:

Ա. Պարանյանն ասաց, որ վերջերս ինտերնետային կապի սարքավորումներ են ստացել, որոնք հնարավորություն կտան «մեկ պատուհանի» համակարգով կապ հաստատել Այրում համայնքի մաս կազմող բնակավայրերի հետ, սակայն այդ սարքավորումները տեղադրելու համար նշված շենքում համապատասխան տարածք չկա:

Ըստ Պարանյանի՝ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու համար ֆինանսական ծախս պետք է արվի, սակայն ինքը խոսել է շինարար-մասնագետի հետ, ում մոտավոր հաշվարկով կիսակառույցի տանիքը կառուցելու, մեկ մասնաշենքի առաջին հարկը կառուցապատելու համար մոտ 70 միլիոն դրամ է հարկավոր: Ա. Պարանյանը տեղյակ չէ, թե որտեղից կարող է հատկացվել այդ գումարը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս