Բագրատաշենի հողատարածքները վարձակալությամբ կտրվեն բանակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանցի գործարար, «Գարդենիա Գրեյն Դ’օր» ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որը քրիստոնյա է եւ ամուսնացած է հայուհու հետ, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներից գնել է 70 հեկտար հողատարածք, որպեսզի այնտեղ ընկուզենու մի տեսակի եւ լիբանանյան շագանակենու այգիներ հիմնի: Նա այգիներ հիմնելու նպատակով ցանկացել է նաեւ Բագրատաշենի համայնքային հողերից երկարաժամկետ վարձակալությամբ վերցնել 70 հեկտար հողեր: Մարտի 4-ին կայացած Այրում համայնքի (որը ներառում է նաեւ Բագրատաշեն գյուղը) ավագանու նիստին ավագանու 12 անդամից ներկա 9 հոգին միաձայն դեմ են քվեարկել հողը վարձակալությամբ այդ ընկերությանը հատկացնելուն:

Նշված ընկերության ներկայացուցիչ, «Աջակցություն Նոյեմբերյանին» հկ նախագահ Հասմիկ Ազիբեկյանի խոսքերով` այդ ընկերությունը գրանցված է ՀՀ-ում, Բագրատաշենում ոռոգման ջրամբար կառուցելու համար բավական աշխատանքներ եւ ծախսեր է կատարել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, սակայն, հայտնեց, որ ջրամբարի տարածք փորելու աշխատանքները կատարվել են առանց համապատասխան թույլտվությունների: Նրա խոսքերով` Բագրատաշենի 7 բնակիչներ դիմել են Այրումի համայնքապետարան, որպեսզի Բագրատաշենի համայնքային հողերը երկարաժամկետ վարձակալությամբ իրենց տրվեն:

Սպասվում է, որ Բագրատաշենում վարձակալությամբ հող խնդրողների թիվը կավելանա: Նրանց մեջ կա անձ, որ վարձակալությամբ Բագրատաշենում 10 հեկտար հող վերցնելու դիմում է տվել Այրումի համայնքապետարան, սակայն ինքը Բագրատաշենում իր հողի վարձավճարը չի մուծել: Ա. Պարանյանը հայտնեց, որ հողերը վարձակալությամբ կտրվեն օրենքով սահմանված կարգով՝ մրցույթով: Նա ասաց, որ ինքը կողմ է, որ համայնքում ներդրումներ կատարվեն, սակայն այդ գործընթացը պետք է լինի օրինական հիմունքներով:

Բագրատաշենում հողերի վարձակալության հարցը կապվում է Բագրատաշենի վարչական ղեկավար նշանակելու, վարչական ղեկավարի մի քանի թեկնածուի եւ նրանց սատարող խմբերի հետ: Ա. Պարանյանը հայտնեց, որ Բագրատաշենի նախկին վարչական ղեկավար Արկադի Մակյանը նշանակվելու է իր խորհրդական, ինքը առանց կողմնակի որեւէ միջամտության առաջիկայում կնշանակի Բագրատաշենի վարչական նոր ղեկավար:

Ոսկան Սարգսյան




Լրահոս