Թելման Քալաշյանը սգո սրահում այլ մարդու է փնտրել և խոստացել է վերադառնալ ու սպանել նրան. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում սպանություններ իրականացրած Թելման Քալաշյանին:

Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը պարտք ու պահանջի խնդիր էր ունեցել Շամիրամ գյուղում ապրող մի շարք անձանց հետ եւ, ըստ էության, Շամիրամ գյուղի բնակիչները, որոնց հետ նա գործարքի էր գնացել, ավելի ուշ հրաժարվել էին տալ իր գումարը, որը, ըստ տարածված լուրերի, կազմել է 100 հազար դոլար:

Եվ ահա, այս պարտքի հարցն էլ ճակատագրական դարձավ 4 երիտասարդների համար: Բանն այն է, որ օգոստոսի 1-ին Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել Շամիրամ գյուղի սգո սրահ եւ կրակոցներ արձակել, ինչի արդյունքում 4 մարդ մահացել էր:

Աղմկահարույց այս սպանությունից հետո Թելման Քալաշյանը փոխուստի էր դիմել, եւ մինչեւ օրս իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Սակայն այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մահացած անձանց հարազատները հայտնվել են վատ իրավիճակում: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի օրը Քալաշյանը փնտրել է մեկ անձի, որին այդպես էլ սգո սրահում չի հայտնաբերել եւ հայտարարել է, որ նրան էլ է գտնելու եւ սպանելու:

Արդյունքում, սպանված անձանց հարազատները վախի մեջ են` չիմանալով, թե իրենց ինչ կարող է սպասվել ամեն րոպե: Իսկ թե կոնկրետ ում է փնտրել Թելման Քալաշյանը, սպանվածների հարազատները հրաժարվեցին ասել` նրա անվտանգությունից ելնելով:

Քնար Մանուկյան




Լրահոս