Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաճախ է ասում, թե մեր երկրում բանկային համակարգը կայացած է: Բայց անգամ պաշտոնական տվյալները այլ բանի մասին են խոսում: Բանկային համակարգի կայացած լինելու վերաբերյալ Տիգրան Սարգսյանի հավաստիացումները հերթական անգամ հօդս ցնդեցին Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած խոշոր հարկատուների ցուցակը հրապարակելուն պես: Պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ հետճգնաժամային 2009-ին հայաստանյան բանկերի մեծ մասն ավելի շատ հարկեր են վճարել, քան նախորդ տարվա ընթացքում, երբ ճգնաժամը փոքր ինչ նահանջել էր: Ընդ որում, խոշոր հարկատուների ցուցակում բանկերի արձանագրած միասնական նահանջը ոչ թե 1-2, այլ մեծամասնության պարագայում մի քանի տասնյակ կետով է ամբողջանում: Հարկեր վճարելու առումով առաջատար համարվող «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը 2009-ին լավագույնների քսանյակում 17-րդ տեղն է զբաղեցրել եւ հակառակ նորանոր հաջողությունների մասին շարունակական պնդումների չոր վիճակագրության հավաստման, նախորդ տարվա ամփոփումների արդյունքում` 24-րդ տեղում է հայտնվել: «Էյչ- Էս-Բի-Սի»-ի արձանագրած անկումն այնքան մեծ է, որ կարելի է կարծել, թե այն առաջիկայում փակվելու է: Հեղինակավոր համարվող բանկը 25-րդ երբեմնի պատվավոր հորիզոնականից տեղափոխվել է 58-րդ տեղը: Ավելի մեծ է բազմաթիվ օլիգարխների ձեռքի տակով անցած «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետընթացը. 21-րդ հորիզոնականը 73-ով է փոխարինվել: 45-րդ տեղից 75-րդ տեղում է հայտնվել «Յունիբանկը»: «Արդշինինվեստբանկ»-ն էլ 19-րդ տեղից հայտնվել է 96-ում: Ռոբերտ Քոչարյան-Էդուարդո Էռնեկյան-ՆՍՕՏՏ Գարեգին Բ եռյակի անվան հետ որոշակիորեն կապվող «Կոնվերսբանկը» ավելի քան կրկնակի հետընթաց ապրեց` 60-ից 127-րդ տեղում հայտնվելով: Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի «Արարատը» բոլոր ժամանակներում պետության առաջ ունեցած հարկայինի պարտավորություններին մեծ վերապահումներով է վերաբերվել, ուստի եւ 257-րդ հորիզոնականը տվյալ դեպքում «օրինաչափ» կարելի է համարել:Միգուցե այսքանից հետո նույնպես Տիգրան Սարգսյանը շարունակի իր նախկին պատկերացումներից չհրաժարվել` պնդելով, թե հայաստանյան բանկերն ամեն օր ավելի ու ավելի են կայանում: Սակայն նույնիսկ հարկայինի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներն են փաստում, որ ճգնաժամից հետո բանկերին չի հաջողվում ուշքի գալ հարկերը վճարելու հարցում: Ի դեպ, կարծես թե ասվածը հաստատելու նպատակադրմամբ, Կենտրոնական բանկի երեկ հրապարակված զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում բանկերի շահույթը 3.5 անգամ աճել է: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԲԱՆԿԵՐՆ ՈՒՇՔԻ ՉԵՆ ԳԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ