Ի՞նչ կլինի, եթե արտակարգ իրավիճակ հայտարարվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` չեն դադարում Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակա անտառում, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհները: Արդյունքում, բավական լուրջ վնասներ է հասցվել բնությանը, եւ դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն, որպեսզի վերականգնվի վերջին օրերին Խոսրովի անտառներին հասցված վնասը: Չնայած հրդեհաշիջման աշխատանքներին՝ ներգրավվել են ոչ միայն ԱԻՆ-ը, այլ նաեւ ՊՆ-ն, ոստիկանությունը, քաղաքացիական անձինք, այնուամենայնիվ, չի հաջողվում ամբողջովին մարել կրակը:

Բանը հասել է նրան, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ. երեկ երեկոյան ԻԼ-76 ջրատար ինքնաթիռն արդեն Հայաստանում էր, ու մասնագետները շարունակում էին իրենց գործունեությունը: Անտառային այս հրդեհները, սակայն, բացահայտեցին մեկ ցավալի իրողություն. ՀՀ ԱԻ նախարարությունը պարզապես անպատրաստ է նման միջադեպերին:

Ընդ որում, այնպես չէ, որ անտառային հրդեհներն անսպասելի էին. ընդհակառակը, դեռ օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել` զգուշացնելով ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգի մասին՝ նաեւ խորհուրդ տալով առավել հրդեհավտանգ տեղերում ստեղծել հսկիչ կետեր եւ վստահեցրել. «Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»:

Բայց այս հրդեհները ցույց տվեցին, որ հակառակ նախարարության պնդումներին՝ համակարգը պարզապես անպատրաստ էր արտակարգ իրավիճակներին, եւ կրակի լեզուները շարունակում են տարածվել:

Հիշեցնենք՝ անցյալ տարի Արթիկում երբ ջրհեղեղ եղավ, ԱԻՆ-ն էլի անակնկալի եկավ, եւ նույնիսկ 1 պոմպ չկար՝ տներից ջուրը մաքրելու համար: Ու վտանգավոր է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե իսկապես մեր երկրում արտակարգ իրավիճակ գրանցվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս