«Ազատության» միջադեպի գործով նյութեր են նախապատրաստվում. հայտնի է լրատվամիջոցի մեքենան վնասած անձի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ազատության լրագրողի նկատմամբ ագրեսիվ պահվածք դրսեւորելու եւ մեքենան վնասելու դեպքի մասով: Տեղեկացանք, որ իրավապահները պարզել են, որ լրագրողի նկատմամբ նման մոտեցում ցուցաբերած անձն Արա Վարագյանն է եւ հանդիսանում է Սեւան քաղաքի շարժական գազալցակայանի աշխատակից:

Հիշեցնենք, որ երեկ Ազատությանե լրագրող Նարինե Ղալեչյանն Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները, երբ գազալցակայաններից մեկի մոտ սևազգեստ մի երիտասարդ, տեսնելով աշխատող տեսախցիկը, խիստ ագրեսիվ պահվածք է դրսևորել, վնասել է նկարահանող խմբի ավտոմեքենան:

Լրագրողը մանրամասներ էր ներկայացրել դեպքից․ «Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ զայրույթից ծնոտը առաջ էր բերել, աչքերը կլորացրել, կիսակատաղած գալիս էր․․․ Տեսախցիկը թաքցրեցի, անջատեցի, որպեսզի գույքս չվնասի, որովհետև ձեռքիս էր նաև բարձրախոսը, ընդ որում՝ բավականին տեսանելի, և դա բավարար էր, որ հասկանա, որ լրագրող եմ, վազեցի ու նստեցի մեքենան: Ասացի՝ չմոտենաք, ոստիկանություն կզանգարեմ, ինչից նա ավելի բորբոքվեց։ Վրա պրծավ մեքենայի դռանը, ես այն հասցրեցի փակել: Երբ հասկացավ, որ դուռը փակ է, սկսեց արդեն ոտքերով, բռունցքով հարվածել մեքենային»:

Ոստիկանությունում լրագրողը հանդիպել է Սևանի ոստիկանապետին, բացատրություն և բողոք-դիմում է գրել: Վնասված ավտոմեքենան զննել են, արձանագրություն են կազմել:




Լրահոս