Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ օգոստոսի 2-ից նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենք է ընդունել: Այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու Ռուսաստանի նավթագազային սեկտորի եւ բանկային համակարգի դեմ: Ի թիվս այլ միջոցառումների, ԱՄՆ նախագահն արգելում է մեղմել Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցները: Նկատենք, որ Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի քայլը՝ նշելով, որ դա կարող է վնաս հասցնել Եվրամիության տնտեսական եւ էներգետիկ շահերին, «անկանխատեսելի հետեւանքների» բերել հատկապես էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցում:
Այն, որ նոր պատժամիջոցները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա, ակնհայտ է: Ի վերջո, Հայաստանի տնտեսությունն անմիջականորեն կապված է ՌԴ տնտեսության հետ, եւ այնտեղ կատարվող ցանկացած փոփոխություն իր արտացոլումն է գտնում ՀՀ տնտեսության վրա: «Ժողովուրդը» փորձեց հենց ՌԴ փորձագետներից պարզել, թե ինչ սպասել պատժամիջոցներից թե՛ ՌԴ-ի, թե՛ Հայաստանի համար, եւ ինչ ապագա ունի ԵԱՏՄ-ն: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, տնտեսական եւ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
-Պարո՛ն Սիմոնով, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները ինչպես կանդրադառնան ՌԴ-ի տնտեսության վրա:
-Երկու տեսակի սանկցիաներ կան: Դրանք այն սանկցիաներն են, որոնք նախկինում կային եւ ուժեղացվել են, կան նաեւ այնպիսիները, որոնք ԱՄՆ նախագահի կողմից նոր պետք է ներառվեն, բայց դրանք հիմնականում վերաբերում են էներգետիկ եւ պաշտպանական բնագավառներին: Ինչ վերաբերում է էներգետիկ սանկցիաներին, ապա դրանք վերաբերում են այնպիսի նախագծերի, որոնք մեզ մոտ դեռ չէին էլ սկսվել: Այս վերջիններն ավելի լուրջ են, առաջին հերթին վերաբերում են գազամուղի շինարարությանը, եւ կարող ենք ասել, որ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ: Բայց այդ սանկցիաները կա՛մ կարող են ներառվել, կա՛մ ոչ: Եվ գիտենք, որ եվրոպական ընկերությունները շատ բացասական էին արտահայտվել նոր սանկցիաների մասին: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ տնտեսությանը սպասվող վնասներին, ապա նշեմ, որ կա սցենար, ըստ որի՝ դրանք առհասարակ կարող են ազդեցություն չունենալ, սակայն նույնիսկ կարող են դրական ազդեցություն ունենալ, քանի որ եվրոպական մի քանի երկրներ մեզ պաշտպանեցին այդ հարցում: Եթե ԱՄՆ-ն գնա տնտեսական պատերազմի ճանապարհով, ապա դա լրիվ այլ իրականություն կլինի: Այդ դեպքում վնասների մասին խոսելը եւս դժվար կլինի:
-Հայաստանում մշտապես խոսում են այդ պատժամիջոցների ազդեցության մասին հենց մեր երկրի վրա: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հետեւանքներ կարող ենք սպասել այդ սանկցիաներից:
-Հայաստանի վրա այդ սանկցիաները մի փոքր հեռավոր ազդեցություն ունեն: Իհարկե, Ռուսաստանը ձգտում է որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին տարբեր ոլորտներում, փորձում է ակտիվացնել նաեւ ինտեգրացիոն գործընթացները, Հայաստանն այդ ամենի մասն է կազմում: Պետք է մտածել, եթե ԱՄՆ-ն անցնի լիակատար տնտեսական պատերազմի, դա ինչպես կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա: Ուղիղ իմաստով սանկցիաները Հայաստանի վրա ազդեցություն չունեն: Պետք է հասկանալ, որ այդ սանկցիաները պարզ չեն, քանի որ նոր սանկցիաներից մի քանիսը դեռ չեն կիրառվել: Հաշվի առնենք, որ այդ սանկցիաները կարող են նաեւ չկիրառվել: Իհարկե, տրամաբանական է կարծել, որ տնտեսական խնդիրները ՌԴ-ում կարող են սանկցիաներից հետո խորանալ:
-Իսկ առհասարակ ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ-ի գործունեությունը: Կարծես թե լուրջ ձեռքբերումներ չենք տեսնում:
-Այդ նախագիծը նոր է սկսվում, եւ այս հարցում հեռուն գնացող եզրակացություններ դեռ պետք չէ անել, մանավանդ, եթե համեմատենք այն ԵՄ-ի հետ: Եթե ԵՄ-ում մեծ մասամբ ուժեղ տնտեսություն ունեցող երկրներ են, ապա ԵԱՏՄ-ում այդպես չէ, կա մի երկիր, որը տնտեսապես դոմինանտ դիրքերում է: Ստացվում է, որ այդ դեպքում ՌԴ-ն հանդիսանում է միությունում հիմնական դերակատարը: Մեր միությանն այժմ պակասում է սեփական տնտեսությունը, եւ այն գործում է միայն քաղաքական ցանկությունների հիման վրա: Դա խնդիր է, եւ մենք պետք է տնտեսությունը ռեալ զարգացնենք, այլ ոչ թե միայն ապրենք «ինչ լավ է, որ միասին ենք» խոսքերով: Իհարկե, Հայաստանը եւս ցանկանում է հասկանալ, թե այս միությունը տնտեսապես ինչ օգուտներ եւ բոնուսներ կբերի, եւ պետք է հին մոդելներից ազատվելով՝ գտնել փոխադարձ շահավետ տնտեսական հարաբերություններ, որոնց հիմքերն առկա են, ուղղակի գտնել է պետք:
-Բայց ի՞նչ ապագա եք գուշակում ԵԱՏՄ-ի համար:
-Հիմա ես չէի ցանկանա շատ լավատեսական կանխատեսումներ անել, բայց չէի էլ ցանկանա այդ միության ավարտը տեսնել: Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր հեռուն գնացող կանխատեսումներ են անում, որոնք չեն կատարվում: Այն, որ միությունը պոտենցիալ ունի, դա ակնհայտ է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում: Իհարկե, խնդիրները շատ են, սակայն պետք է փորձենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կարող են բերել բարդությունների:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը