ՀԱՐՑ. Ես ուզում եմ հնարավորինս մանրամասն տեղեկանալ՝ եթե անձը ցանկանում է անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, ապա ո՞ր մարմինն է ուղեգիր տրամադրում: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում վերջինիս բժշկասոցիալական փորձաքննությունը:
Ալիսա Մանուկյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո տրամադրում է ուղեգիր (իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ՝ նաեւ բուժման ընթացքում): (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ):
Հանձնաժողովի նախագահին ներկայացված, անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիները կարող են բողոքարկել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով: