2017- 2018 թվականներին պետական պատվերի շրջանակում լրացուցիչ 3 հազար ՀՀ քաղաքացու կիրականացվի կատարակտի վիրահատություն: Այդ մասին նշված է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրում, որին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում արձանագրվել է աչքի հիվանդություններով բնակչության հաճախումների թվաքանակի աճ՝ 4 անգամ: Աչքի հիվանդությունների առումով կատարակտ վիրահատելու կարիքը ՀՀ- ում բավարարվում է մինչև 24 տոկոսի չափով: Հաշվի առնելով, որ բնակչության 30 տոկոսն աղքատ է և կատարակտ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, գնահատվում է, որ կատարակտի վիրահատության չբավարարաված պահանջարկը կազմում է շուրջ 5000 դեպք:
Ելնելով վերոգրյալից և տիրող իրավիճակից, կուրությունը կանխարգելելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդնելու բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների նպատակային ծրագիրը, որի արդյունքում պետական պատվերի շրջանակներում լրացուցիչ շուրջ 3000 քաղաքացու կիրականացվի վիրահատություն:
Շահառուների շրջանակում ընդգրկվելու են 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք, մանկավարժական աշխատողները, ուսուցիչները, բուժաշխատողները, մշակույթի ոլորտի աշխատակիցները, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները: