Թուրքիայի հետ առևտուրը կիրականացվի Ռուսաստանի միջով. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մտադրության մասին, որ նրա խոսքով՝ կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին:

«Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի Մաքսային Միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ: Մենք Ռուսաստանի հետ համագործակցության հզոր ներուժ ունենք, որն այն համաձայնագրով է՛լ ավելի կընդարձակվի», – նշել է նա:

Նա հավելել է, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին: Իսկ ինչ է այդ ամենի հետեւանքով սպասվում Հայաստանին, եւ ինչ է ենթադրում այդ համաձայնագիրը: Այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով «Ժողովուրդը» զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը խոսել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մտադրության մասին: Ի վերջո, ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը:

-Այդ մասին վաղուց է խոսվում: Այդ մասին խոսում էին մինչ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռների խոցումը: Մինչ այդ արդեն քննարկվում էր ՌԴ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի հարցը: ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր արդեն Վիետնամի հետ, այն մեծ շուկա է, եւ այդպիսի առաջարկություններ կարող են ստացվել նաեւ հետագայում: Ահա այն, ինչ կարող եմ ասել:

-Այսինքն՝ խոսքը միայն համաձայնագրի՞ մասին է, թե՞ ԵԱՏՄ-ին անդամակցելու:

-Ո՛չ, դա միայն նեղ համաձայնագիր է՝ նեղ շրջանակի ապրանքներին վերաբերող:

-Իսկ ինչպե՞ս է իրականացվելու առեւտուրը, եթե Հայաստանի հետ փակ սահման է առկա:

-Կիրականացնեն Ռուսաստանի միջով: Այն փակ սահմանների բացում չի ենթադրում:

-Հայաստանն այստեղ ի՞նչ իրավունքներ ունի: Կարո՞ղ է արգելք դնել այս համաձայնագրի կայացման հարցում:

-Թուրքական ապրանքները վաղուց ազատորեն վաճառվում են Հայաստանում: Հարցն այն է, որ Հայաստանը վաղուց արդեն միացել է Արեւելյան գործընկերությանը, այսինքն՝ Եվրոպական Միությանը: Հայաստանը շուտով կստորագրի Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ: Իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ի հետ գտնվում է նույն մաքսային տարածքում: Այսինքն՝ նոր պարտավորություններ Հայաստանի համար չեն նախատեսվում:

-Իսկ հետագայում այլ երկրներ եւս կարո՞ղ են նման համաձայնագրեր ստորագրել: Օրինակ՝ Ադրբեջանը:

-Ես չգիտեմ, թե ինչ է սպասվում, սակայն ՌԴ-ի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Բուլուկաեւը մեկնել էր Բաքու եւ նրանց նույնիսկ առաջարկել էր մտնել ԵԱՏՄ: Ադրբեջանի համակիրներ ՌԴ-ում շատ կան, սակայն Դուք գիտեք, որ նախկին նախարարը հիմա գտնվում է տնային կալանքի տակ: Հիմա նրա փոխարեն մեկ այլ մարդ Ադրբեջանին կառաջարկի՞ մտնել ԵԱՏՄ, ես տեղյակ չեմ: Բայց տրամաբանական է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին նման համաձայնագրերի առաջարկներ դեռեւս կլինեն: Խոսք է գնում նման համաձայնագրերի մասին Իրանի կամ այլ ասիական երկրների հետ: Տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը նույնպես ցանկանա նման համաձայնագիր ստորագրել, սակայն Դուք գիտեք, որ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են կայացվում: Ես վստահ եմ, որ Հայաստանը դեմ կլինի նման համագործակցության Ադրբեջանի հետ, նշանակում է՝ նա չի ստանա նման համաձայնագիր ունենալու համաձայնություն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս