Երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կետերը: Ի վերջո, ինչու արդեն նախկին համանախագահի կողմից հենց այժմ նման հայտարարություն արվեց և այստեղ ինչ կապ ունի երեկ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոգլանդի հայտարարություններում նորություն չի տեսնում: Նրա խոսքով, նման հայտարարությունների միտումներն արդեն կային մեկ տարի առաջ:
«Ըստ էության, գրեթե նույն առաջարկներով, բայց փակ կաբինետներում նույն ամերիկացիները ներկայացնում էին հայաստանյան քաղաքականությունը: Կարծում եմ, որ անցյալ տարվա ՊՊԾ գնդի հայտնի պատմությունները մի փոքր շեղեցին այս իրավիճակը մի պահ միջազգային շրջանակներում, ըստ էության` դադարեցնելով այդպիսի առաջարկներով հանդես գալ»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Վերջինիս կարծիքով՝ ընտրություններից հետո, երբ ամեն ինչ հանգիստ է, ենթադրվում է, որ Հոգլանդը եւ նմանատիպ գործիչները համարում են, որ ժամանակն է հանդես գալ նմանատիպ հայտարություններով, որը փաստացի նշանակում է, որ պետք է մոռացվի Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ անորոշ ապագայով, եւ բոլոր տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին:
Լիդա Եղիազարյան