Փաշինյանի անհեռատես քաղաքականության պատճառով աշխարհաքաղաքական «գզվռտոցը» հասնում է Հայաստան․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է Անդրկովկասը վերածել «Հակառուսական ցատկահարթակի»։

Զատուլինը նաև նշել է, որ դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ Հայաստանը նույնպես փորձում են վերածել «հակառուսական ցատկահարթակի»։

Այս մասին ArmLur.am-ը կապ հաստատեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարող են նշանակել այս հայտարարությունները և ինչպես կարող են ազդել Հայաստանի վրա։

Մեզ հետ զրույցում քաղաքագետը ասաց, որ առաջին անգամ չէ, որ ռուսական փորձագիտական կամ խորհրդարանական շրջանակներից նման հայտարարություններ են հնչում, իսկ նման հայտարարություն հնչում է ԱԳՆ-ի մակարդակով։

«Լավրովի վերջին հայտարարությունը առանձնապես դրանից չէր տարբերվում, որ Արևմուտք-Ռուսաստան հակադրության պայմաններում կարող է նման ցանկություն արևմուտքը ունենալ, այսինքն՝ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ կամ լարվածություն հարուցել, դա ակնհայտ է, ոչ մի նորություն չկա։ Աշխարհի բոլոր կետերում հիմա Ռուսաստանն ու Արևմուքտը միմյանց հետ հակադրության մեջ են, զրոյական հարաբերություններ ունեն և մեկը մյուսի դիրքերը ուզում է թուլացնել կամ հակառակը՝ իր դիրքերը ուժեղացնել, այս իմաստով, իհարկե, Զատուլինը նոր բան չի ասել։ Անկախ նրանից շեշտադրումները նրա ինչպիսինն են՝ նոր բան չի ասել։ Կարող ենք արձանագրել, որ այո, աշխարհաքաղաքական մրցակցություն կա մեր տարածաշրջանում, ցավոք սրտի Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով աշխարհաքաղաքական այդ «գզվռտոցը» ուղիղ հասնում է Հայաստանի տարածք»,- ասաց քաղաքագետը։

Սուրենյանցը նաև նշեց, որ Արևմուտքի համար գերխնդիրը ռուսական ազդեցության թուլացումն ու Իրանին մեկուսացնելն է։

«Նրանք ոչ թե ինչ-որ Հարավային Կովկասի կամ որևէ երկրի լավը կամ վատն են ուզում, այլ ձգտում են այնպիսի կոնֆիկուրացիայի ստեղծմանը, որպեսզի խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ես կարծում եմ՝ այստեղ մենք արևմուտքի մտադրությունների մասին չպետք է խոսենք, պետք է խոսենք ոչ էլ ռուսների քաղաքականության մասին։ Պետք է խոսենք մեր քաղաքականության մասին։ Հայաստանի միակ ճիշտ մոտեցումը պետք է լիներ բալանսավորված քաղաքականությունը և մենք կկարողանայինք շատ արդյունավետ ու դրական հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ»,- ասաց Սուրենյանցը։

Քաղաքագետը հավելեց, որ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունը գնացել է արկածախնդիր ճանապարհով՝ միակողմանիորեն ապավինելով արևմուտքի աջակցությանը, վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ ու սա այն դեպքում, երբ մենք Արևմուտքից անվտանգային ռեալ երաշխիքներ չենք էլ ստացել ակնհայտորեն։

«Չեմ ուզում հիմա շատ ծանր տեսարաններ նկարագրել, բայց մենք ունենք պատմության մեջ նման դեպք 1918-20 թվականներին, 100-104 տարի առաջ, բոլորս գիտենք գրեթե նման արկածախնդրությունը ինչով է ավարտվում»,- ասաց քաղաքագետը՝ եզրափակելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս