Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի առքուվաճառքի մասին պայմանագիրը. այն դեռ ուժի մեջ չի մտել:
Անշուշտ, նման պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան անցում են կատարում խորը համագործակցության, և Ռուսաստանի համար Թուրքիան այլևս չի դիտարկվելու որպես այս տարածաշրջանում հիմնական սպառնալիք կամ հիմնական հակառակորդ: Ռուս-թուրքական լարված հարաբերություններին վերջ է դրվում ռազմական համագործակցության միջոցով:
Չնայած դեռ չի մանրամասնվում, թե ռուսական С-400 քանի համակարգ է վաճառվելու Թուրքիային և որքան է դրա դիմաց վճարելու Անկարան, սակայն Bloomberg գործակալության հրապարակած տվյալներից կարող ենք որոշակի եզրակացություններ անել:
Այսպես, գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև C-400-ի շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն` Անկարան Մոսկվային վճարելու է 2,5 միլիարդ դոլար, որի դիմաց ռուսական կողմը 2018 թվականին C-400 երկու համակարգ է մատակարարելու, նաև օգնելու է, որ Թուրքիայում արտադրվեն ևս երկու նման համակարգեր:
Այս ամենից կարող ենք ենթադրել, որ դեռ էլի կլինեն ռուս-թուրքական նոր պայմանավորվածություններ: Սա չի կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա, եթե հաշվի առնենք այն, որ հակառակորդ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը հենց Թուրքիան է: Փաստորեն` այժմ այդ երկու երկրներն էլ տեխնիկապես վերազինվում են հենց Ռուսաստանի կողմից:
Նաիրա Հովհաննիսյան