ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 հոգու սպանած Թելման Քալաշյանը, ըստ որոշ տեղեկությունների, գիշերը 01:30-ի սահմաններում հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի մոտ:
shamshyan.com-ի փոխանցմամբ` նա թաքնվում էր Ջանֆիդա գյուղում:
Այս տեղեկությունը խիստ մտահոգել է Ջանֆիդա գյուղի բնակիչներին: Ջանֆիդայի գյուղապետ Կամսար Ղորղանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին ճշտում են, թե ինչպես եւ կոնկրետ ում տանն է թաքնվել Թելման Քալաշյանը:
«Մեզ համար էլ է հետաքրքիր, թե որտեղ է թաքնվել, եթե, իհարկե, մեր գյուղում է դա եղել: Չէ՞ որ 4 հոգու գնդակահարել է ու ազատության մեջ է գտնվել. չեմ կարող ասել` մեր գյուղում, թե ոչ»:
ArmLur.am-ին Մյասնիկյան գյուղի բնակիչները հայտնեցին, որ Թելմանն ունի մեծ թվով ազգականներ, ովքեր ամենուր են եւ չի բացառվում, որ նա Ջանֆիդա գյուղում եւս ազգական ունենա: