ՀԱՐՑ.Ինչո՞ւ է ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում մեքենան, իջնում միջից, իսկ ղեկին նստածը մնում է միշտ տեղում, բայց ակտ գրել-չգրելու հարցը լուծում է ղեկին նստածը: Ո՞նց հասկանանք:ՏԱՐՈՆ ՀԱՍՐԱԹՅԱՆ, 36 տարեկան, վարորդՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 17-րդ կետի համաձայն` պարեկային ավտոմոբիլի եւ ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման առնվազն երկու ծառայող: Մյուս կարգախմբերի, ինչպես նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնի հետ անընդհատ կապն ապահովելու նպատակով մեկ ծառայողի` պարեկային ավտոմոբիլում գտնվելու անհրաժեշտությունը պարտադիր է: Ինչ վերաբերում է թեկուզեւ շատ դեպքերում վարչական վարույթի եզրափակիչ փուլում երկու տեսուչների միաժամանակյա մասնակցությանը, ապա այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Քանի որ իրավախախտումը հայտնաբերելիս ականատես են լինում կարգախմբում ծառայություն իրականացնող երկու տեսուչները միաժամանակ, գործի քննության բազմակողմանիությունը ապահովելու նպատակով կարեւոր հանգամանք է նաեւ փաստական եւ իրավական հանգամանքների վերաբերյալ ոչ հակասական եւ միասնական դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում ամրագրվում են ծառայություն իրականացնող երկու տեսուչների կրծքանշանների տվյալները եւ նրանք հավասարազոր պատասխանատվություն են կրում իրավախախտման արձանագրման արդյունքում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` ճանապարհային ոստիկանությունը պատասխանել է հարցին` ըստ էության որեւէ պատասխան չտալով: Ինչպես միշտ, այս դեպքում եւս գործ ունենք ավանդույթի ուժի հետ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ