ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կեղտոտ զուգարաններով զբոսաշրջություն են զարգացնում. ամենուր փնթիություն և գարշահոտություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում որքան ինտենսիվորեն խոսվում է զբոսաշրջության զարգացման մասին, այնքան էլ ինտենսիվորեն անկում է ապրում այդ ոլորտը: Ընդ որում, խոսքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի մասին է:

Մանրամասնենք: Ամռան ամիսներին մեր հայրենակիցներից շատերն են նախընտրում արտերկրից եկած իրենց հյուրերին տանել բնության գրկում գտնվող հանգստյան գոտիներ, մաքուր օդ շնչել, հայկական խորոված վայելել: Սակայն ոչ միշտ են սպասելիքները արդարանում: Քանի որ գրեթե բոլոր հանգստյան գոտիներում առկա վիճակը ամենեւին չի խոսում տուրիզմի զարգացման մասին:
Վերջին շրջանում այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» թերթը բազմաթիվ դժգոհություններ է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Հաճնի ձոր» հանգստյան գոտու վերաբերյալ: Իհարկե, համեմատած Գառնու, Աղվերանի եւ շատ այլ հանգստավայրերի ձորափի տաղավարների հետ՝ «Հաճնի ձորն» ավելի կոկիկ է, քիչ թե շատ քայլեր արվել են՝ մարդկանց հանգիստն ապահովելու համար. տաղավարների մոտ ջուր կա, ամեն մեկն ունի խորովածի իր մանղալը, ապահովված է էլեկտրականությամբ: Բայց, ինչպես միշտ, չի ստացվել սպասարկում իրականացնելը, եւ փնթիությունն ավելի է գերակշռում:

Այս հանգստյան գոտի այցելած քաղաքացիները «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված պատմեցին, որ հանգստի գոտու զուգարանները նախ անպատվաբեր են, եւ 21-րդ դարում դժվար է պատկերացնել մի նորակառույց, որտեղ կարելի է տեղադրել գետնին կպած զուգարաններ: Հաճնի ձորում զուգարաններն հենց այդպիսին են, որտեղ ջուրը անգամ «պիպետկայով» է հոսում: Ու պատկերացնել կարելի է, թե ինչ գարշահոտ է տիրում: Ողջ ցերեկվա ընթացքում զուգարան մաքրող որեւէ աշխատակից չի երեւում:

Իսկ ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, ապա տարիներ առաջ ասֆալտած ճանապարհից քիչ հիշողություններ են մնացել, եւ տաղավարները իրարից բաժանվում են փոսառատ, փոշով լի ճանապահներով, որտեղ երեխաներն են խաղում` միաժամանակ փոշին կուլ տալով:

Ի դեպ, այնպես չէ, որ հանգստյան գոտուց օգտվելը անվճար է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, 6-8 հոգանոց տաղավարում 1 ցերեկ անցկացնելու համար պահանջվում է վճարել ավելի քան 5000 դրամ, 13 հոգու համար` 12 000, 15 հոգու համար` 15 հազար դրամ, իսկ 20 հոգու համար՝ 20 հազար դրամ:

Համաձայնեք՝ քիչ գումար չէ, իսկ ի՞նչ է արվում դրա դիմաց. ի դեպ, կտրոն չեն տալիս «Հաճնի ձորում» (մեզ դիմած քաղաքացուն կիրակի օրը կտրոն չեն տրամադրել): Միայն փոխանցում են աղբի 1-2 տոպրակ, սեղանին փռելու համար ցելոֆան եւ վերջ: Բայց եթե հանգստյան գոտին շահագործող ընկերությունը գումար է վերցնում քաղաքացուց, պարտավոր է դրա դիմաց որակյալ ծառայություն մատուցել. ի վերջո, մարդիկ չեն վճարում՝ փոշի կուլ տալու եւ գարշահոտ զուգարանները «վայելելու» համար:

«Ժողովուրդ»-ը զանգահարեց «Հաճնի ձոր»՝ պարզելու, թե ինչու են հանգստյան գոտու զուգարանները կեղտոտ, տարածքը՝ փոշոտ: Հանգստի գոտուց զարմացած արձագանքեցին. «Բայց ինչու են կեղտոտ զուգարանները, եթե հերթ է գոյանում, ու հավաքարարը չի հասցնում մտնել ներս: Այդ դեպքում հաճախորդին պետք է կանգնեցնի դրսում, ինքը մտնի մի 15 րոպեով, որ կարողանա հասցնի հավաքել: Զուգարանները լրիվ կաֆել, մետլախով սարքած են, ընդամենը շլանգը պահում ես, ինքը լվացվում է: Եթե մարդիկ իրենց տանը նման ձեւով են օգտվում, պատկերացրեք, թե դրսում ինչ ձեւ կօգտագործեն: Սա դրսի զուգարան է, եւ 5 րոպեն մեկ չի լինում մաքրել: Մեր մաքրուհիներն էլ ընթացքում պտտվում են, մաքրում են, եթե շատ հաճախորդներ են լինում, բնականաբար իրենք չեն հասցնում: Երեք հոգի մտնի, բավարար է, որ ցեխ ու կեղտ լինի, իսկ ամեն երրորդից հետո հավաքելը աբսուրդ է»: Ահա թե ինչ աբսուրդի համար ենք վճարում մենք՝ միամիտներս՝ կարծելով, թե ծառայություն պիտի մատուցեն՝ 1 տաղավարի համար 15-20 հազար դրամ գանձելով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով խոսում էր տաքսի ծառայության «թրաշով» վարորդների եւ զբոսաշրջության զարգացման մասին, ամենայն հավանականությամբ տեղյակ չէ, թե ինչ պատկեր է հանգստյան գոտիներում:

Հ.Գ. Հաճնի ձոր հանգստյան գոտին հիմնադրվել է 2015 թվականին, իսկ հիմնադիրը Ա/Ձ Գայանե Բալայանն է: Սա պաշտոնապես, իսկ իրականում սեփականատերը դուբայաբնակ գործարար է, հայտնի է միայն նրա անունը՝ Ռուբո, ում մասին մանրամասները առաջիկայում կներկայացնենք:




Լրահոս