Հարց քաղաքացիներից` հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական ծրագիրն իրենից ի՞նչ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամի վերականգնողական ծրագիրն իրենից ի՞նչ է ներկայացնում: Եվ խնդրում եմ ներկայացնել, թե հաշմանդամություն ունեցող անձը կոնկրետ ի՞նչ տեսակի արտոնություններից իրավունք ունի օգտվել:

Ժենյա Պողոսյան (63 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները: Ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

Նշենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անձը կարող է ստանալ անժամկետ հաշմանդամության կարգ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը:




Լրահոս