ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մասնակցել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթին եւ հաղթել, ապա տվյալ պաշտոնում նշանակվելու համար ինչպիսի՞ չափանիշներ են գործում:
Հայկ Կյուրեղյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կյուրեղյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին տվյալ պաշտոնում նշանակելու համար ընտրության չափորոշիչներ սահմանված չեն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնում նշանակում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ: