Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Բաբայանը ձերբակալվեր էր ապրիլի 2-ին կանայալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ շատերն այս ձերբակալությունը քաղաքական համարեցին՝ կապված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու եւ, առհասարակ, քաղաքական հավակնությունների հետ: Նման տեսակետ ունի նաեւ «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, Սամվել Բաբայանի ընկեր Գագիկ Մելքոնյանը, ում հետ զրուցել ենք Բաբայանի, դաշինքի գործունեության եւ, առհասարակ, սպասվող քաղաքական զարգացումների շուրջ:
-Պարո՛ն Մելքոնյան, երեկ տեղի ունեցավ Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Բաբայանի մարտական ընկերներին չտեսանք այնտեղ: Ո՞րն էր պատճառը որ ներկա չէիք դատական նիստին:
-Մենք ներկա ենք եղել, բոլոր անդամներն էլ եկել էին, բայց դրսում ենք եղել, քանի որ ներս չէին թողնում: Սահմանափակ քանակությամբ մարդ թողեցին ներս, մենք մնացինք դրսում: Ասացին՝ ամեն կողմից 5-ական մարդ կարող է ներս մտնել, եւ այդ պատճառով ներս մտան միայն հարազատները, մենք մնացինք դրսում: Սակայն դատարանում տեղի ունեցած իրադարձություններից տեղյակ ենք, գիտենք, որ դատական նիստը հետաձգվել է:
-Շարունակո՞ւմ եք պարոն Բաբայանի հետ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում համարել:
-Միանշանակ: Դատավարությունը ցույց կտա, թե ինչն ինչոց է: Ոչ միայն դաշինքի հետ է կապված եղել, այլ, առհասարակ, քաղաքական հայացքների: Նա ցանկանում էր, որ այս երկիրը կարգավորվի:
-Պարո՛ն Մելքոնյան, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այժմ ինչով է զբաղվում «Ազատամարտիկների դաշինքը»: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:
-Մենք հիմնականում զբաղվում ենք մեր տղաների սոցիալական հարցերով: Այս է մեր անելիքն առայժմ: Քաղաքական զարգացումներ այժմ չեն նշմարվում, որին կձգտեինք մաս կազմել:
-Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է ընդդիմության միավորման, թավշյա հեղափոխության մասին: Դիտարկո՞ւմ եք նրանց միանալու տարբերակը:
-Մենք արդեն փորձել ենք, մի միության հետ միավորվել ենք եւ տեսել ենք, թե ինչ է եղել: Դրա համար պետք է համոզված լինենք, թե մարդիկ ինչ նպատակ ունեն, որ միանանք:
-Այսինքն՝ հենց ՕՐՕ դաշինքին միանա՞լն է պատճառը, որ չհաջողեցիք: Հնարավո՞ր է, օրինակ, «Ծառուկյան» դաշինքում հաջողեիք:
-Ուրիշ ի՞նչ դաշինք: «Ծառուկյան» դաշինքին մենք մի անգամ արդեն միացել ենք, տեսանք, թե ինչ զարգացումներ եղան: Այդ փուլում մենք միայն ՕՐՕ դաշինքի հետ էինք պատկերացնում մեր համագործակցությունը:
-Պարո՛ն Մելքոնյան, իսկ ընտրություններից հետո վերլուծե՞լ եք, թե ինչու այդպես ստացվեց, եւ ինչու հետընտրական ոչ մի զարգացում չեղավ, եւ ժողովուրդը փողոց դուրս չեկավ:
-Այն եզրակացության եկանք, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ոչ մի բանի, եւ ոչ մի բան չի հետաքրքրում: Փողոց դուրս եկողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը չի ուզում փողոց դուրս գալ, մենք ո՞ւմ համար ենք դուրս գալիս փողոց: Այդ նույն ժողովուրդը մեր հետեւից փողոց դուրս չեկավ: Ինքն իր ապագան, իր ձայնը ծախեց 10-ը հազար դրամով, հիմա հանգիստ վայելում է, մինչեւ հիմա կուշտ ուտում է այդ փողերը:
-Իսկ առաջիկայում ի՞նչ քաղաքական զարգացումներ եք ակնկալում: Օրինակ՝ բոլորին հետաքրքրում է, թե 2018-ին, ի վերջո, ով է լինելու ՀՀ վարչապետը: Ձեզ այդ հարցը մտահոգո՞ւմ է:
-Մինչեւ 2018 թվականը զարգացումներ չեն լինի, միայն դրանից հետո կարող ենք ակնկալել: Իհարկե, ինձ համար կարեւոր է, թե ով կլինի երկրի վարչապետը, սակայն ով էլ ուզում է՝ վարչապետ դառնա, միեւնույնն է՝ այս երկիրը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Երկիրը մի մարդ է ղեկավարելու, ով հիմա էլ է դա անում: Առհասարակ, ամեն ինչ պարզ կլինի 2018-ին, բայց միեւնույն է՝ ՀՀԿ-ն է ղեկավարելու: Մենք քանի վարչապետ փոխեցինք, էլի երկիրը ղեկավարում է ՀՀԿ-ն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈՂԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՋՈՒՐ ՉԿԱ
Որքան շատ են մեզանում խոսում սահմանամերձ շրջաններում բնակվողներին արտոնություններ տալու մասին, այնքան ավելի անպաշտպան են դառնում կրակահերթերի տակ գիշերող մեր հայրենակիցները: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերը ամռան այս տապին խմելու ջուր չունեն:
Հեռավոր Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 40 աստիճան շոգի պայմաններում բարեկամավանցիները շաբաթը մեկ անգամ կարճ ժամանակով են խմելու ջուր ստանում: Ու սա այն դեպքում, երբ 3 տարի առաջ Բարեկամավանում խմելու ջրագծի ծրագիր իրականացվեց: Փոքր, փաստացի շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սնուցող խմելու ջրագիծ կառուցվեց, որը սնվում է գյուղի տարածքում փորված խորքային հորերից: Սակայն այդ հորերում քիչ ջուր կա, եւ հիմա մարդիկ էլի ջուր չունեն:
Տեղեկացնենք, որ Բարեկամավանում խմելու ջրագիծ կառուցած կազմակերպությունը սահմանամերձ, արտագաղթից դատարկված բնակավայրի շատ առանձնատների բակում խմելու ջրի ծորակներ է տեղադրել, սակայն դա ավելորդ ծախս էր, քանի որ այդ տներում տասնամյակներ շարունակ բնակվող չկա: Սահմանամերձ Բաղանիսում խմելու ջրի հարցը լուծելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են արվել, սակայն արդյունքը, մեղմ ասած, վատ է:
Ինչպե՞ս է իրավիճակը մեկնաբանում Բարեկամավանի վարչական շրջանի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ համայնքում շաբաթը մեկ անգամ են ջուր ստանում, սակայն դրա պատճառը համարեց բնակիչների ոչ ճիշտ օգտագործումը: «Շաբաթը մեկ անգամ ամեն թաղամասին ջուր ենք տալիս, դա կապված է ջրաչափերի հետ, որ չկա տեղադրված, եւ մարդիկ անխնա բացում են ոռոգման ջրի տեղ: Կարգավորելը շատ դժվար է, եւ միայն ջրաչափ տեղադրելը կօգնի», – նշեց նա:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 26-ին վարչապետ (այժմ՝ նախկին) Հովիկ Աբրահամյանն այցելեց Բաղանիս: Նրան դիմավորեցին միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Բաղանիսի խմելու ջրամբարի մոտ, աղուհացով: Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից Բաղանիսի խմելու ջրի 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել էր 263 մլն դրամ: Կառուցվել էին 200 եւ 50 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարներ, 16 կմ երկարությամբ ջրագիծ, ջրահավաք ավազանը նորոգվել էր, տեղադրվել ջրաչափեր: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանին հայտնեց, որ ծրագրի արդյունքում Բաղանիսը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Սակայն հիմա փաստն այն է, որ Բաղանիսի բնակիչները խմելու ջուր են ստանում 4 օրը մեկ:
Ինչո՞ւ տված խոստումն իրականություն չդարձավ: «Ժողովուրդ»-ը փորձեց Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Սահակյանից ճշտել, թե ինչու հնարավոր չի լինում ապահովել ջրամատակարարում: «Շաբաթը մեկ անգամ չէ, երեք օրը մեկ անգամ է լինում: Ճանապարհի գլուխը ջուր չի հասնում: Առաջիկա 15-20 օրվա մեջ հարցը կկարգավորվի: Գյուղն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջուրն էլ անբարեխիղճ օգտագործողներ էլ կան»:
Բաղանիս համայնքի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի կենտրոնական փողոցից վերեւ բնակվող տասնյակ ընտանիքներ ընդհանրապես չեն կարողանում օգտվել չորս օրը մեկ տրվող խմելու ջրից: Ամռան շոգին խմելու ջրից զրկված այդ ընտանիքները մտադիր են բողոքել կառավարություն, որ սահմանամերձ գյուղում խմելու ջրի հիմնահարցը լուծելու համար մեծ փողեր են ծախսվել, սակայն ծրագրի արդյունք չկա: Եւ փաստն այն է, որ կյանքը վտանգելով՝ սահմանամերձ համայնքում ապրող մեր հայրենակիցները անապատային կենցաղ ունեն: Ահա թե ինչպես են մեր երկրում մարզային համաչափ զարգացում ապահովում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ Է
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները դիմել են «Ժողովուրդ» թերթին եւ պատմել, որ իրենք վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Տեղեկանալու համար, թե ինչն է աշխատավարձ չտալու պատճառը, «Ժողովուրդ»-ը զրուցեց արտադրամասի տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հետ, ով ասաց. «Էնպիսի հարց եք բարձրացնում, ես նստած տեղս ինսուլտ եմ ստանում: Չենք կարողանում աշխատել: Պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել հագուստ կարելու, բայց հումքը չենք կարողանում ներմուծել, գումար չկա: Ռուսաստանից պատրաստվում ենք հումքը ներմուծել: Պատկերացնո՞ւմ եք՝ 16 տոկոսով վարկ ենք վերցրել: Փակման եզրին ենք: 16 տոկոսով վարկ եմ վերցնում, որ կտորը ներմուծեմ ու հարկերը տամ»: Զրույցի ավարտին նա նաեւ նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար եւս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը:
ԲԱՆՏԱՊԵՏԸ ՀՔԾ-ՈՒՄ
«Հրազդան» ՔԿՀ-ի պետի գործը հասավ հատուկ քննչական ծառայություն: Հուլիսի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ:
Հիշեցնենք, որ ՔԿՀ պետին դատարան էին հրավիրել որպես վկա ՔԿՀ-ի աշխատակիցների կաշառքի գործով, ինչի արդյունքում դատապարտյալը հայտնել էր, որ կաշառքի գործը ուղղորդված է եղել բանտապետի կողմից: Արդյունքում, վերոնշյալ գործը հսկող դատախազը դատապարտյալի հայտարարությունը հիմք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, եւ հատուկ քննչական ծառայությունում այդ հայտարարության մասով նյութեր են նախապատրաստվում: Արդյոք դատապարտյալի հայտարարությունը հիմք կլինի, եւ, ի վերջո, Հրազդանի ՔԿՀ պետին մեղադրանք կառաջադրեն՝ իր աշխատակիցների գլխին սարքելու համար, ցույց կտա ժամանակը:
ԿՀԱՍՏԱՏԵՆ
Օգոստոսի 3-ին կայանալիք կառավարության նիստում հավանության կարժանանա ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի այս առաջարկը բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ նախարարն առաջարկել էր հանրային վայրերում արգելել ծխելը, իսկ արգելված հանրային վայրերում ծխելը թույլատրելու դեպքում 10.000 դոլարով կտուգանվի տարածքի սեփականատերը: Նախագծից տեղեկանում ենք, որ 2017-2020 թվականների համար կառավարությունը կանխատեսում է տարեկան 1.5-2 տոկոսով նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը, 15 եւ բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում ապահովել մինչեւ 10 տոկոսով: Հավելենք, որ բացի պետական բյուջեի միջոցներից՝ կառավարությունը նախատեսում է միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում գործող մասնավոր, հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը: