ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՆ ԳՆՈՒՄ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում արձանագրված դաժան սպանություններն ու կրակոցները ցույց են տալիս, որ անպատժելիության մթնոլորտը, անարդարությունը, հասարակության շրջանում արմատացած անհանդուրժողականությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդիկ իրենց խնդիրները լուծում են ինքնադատաստանի միջոցով:

Այն, որ անպատժելիության մթնոլորտը նոր հանցանքներ է ստեղծում, գաղտնիք չէ ոչ ոքի, ավելին՝ եթե օրենքի առաջ բոլորը հավասար լինեին, մարդիկ ինքնադատաստանի ճանապարհ չէին ընտրի, որը, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, դրսեւորվում է այլ անձանց՝ ընդհուպ մինչեւ սեփական կյանքի վերջ տալով:
Նախ անդրադառնանք հուլիս ամսվա ընթացքում գրանցված սպանություններին: Հուլիսի 17-ին Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում թուղթ կտրող դանակով սպանվեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրան մահացու վիրավորումներ էր հասցրել իր այցելուներից Հրանտ Համբարձումյանը: Ու մինչ նմանօրինակ անձանց խնդիրներով զբաղվող իրավասու մարմինները մեկը մյուսի վրա են գցում, թե իրենք իրավունք չունեն մարդու ազատությանը բռնանալ եւ նրան կալանքի տակ պահել, հասարակությունը շարունակում է բարձրաձայնել, թե ով պետք է ապահովի իրենց անվտանգությունը հոգեպես անհավասարակշիռ, հետեւաբար անմեղսունակ անձանցից: Բոլորիս հույսն Աստվածն է:

Խնդիրները լուծում են ինքնադատաստանի միջոցով
Հուլիսի 26-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունը դեռեւս շատ կհիշվի: Ինչպես հայտնի է՝ այդ օրը Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվեց դաժանաբար սպանված Մանուկ Սիմոնյանի դին, որը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդականն էր: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Մանուկ Սիմոնյանի անհետացման մասին իրավապահներին առաջինը հայտնել էր նրա կինը` Ռուզաննա Մկրտչյանը՝ ասելով, թե ամուսինը չկա, իսկ ահա նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը, զանգահարել էր հոր ընկերներին եւ հետաքրքրվել, թե որտեղ կլինի հայրը: Բայց կարճ ժամանակ անց «հարազատների շոուն ավարտվեց»: Ըստ քննչական կոմիտեի հաղորդած տվյալների՝ ամուսնուն սպանել էր կինը, եւ որդու հետ դիակը տարել, գցել էին ձորը: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել, որից հետո որոշել է հաշվեհարդար տեսնել` կացնով հարվածելով ամուսնու գլխին: Նկատենք, որ Սարդարապատ գյուղի բնակիչները նշում էին, որ տանը մշտապես կռիվներ են եղել, սակայն բնակիչները, ըստ էության, շառ ու փորձանքից հեռու մնալու համար այդ մասին չէին բարձրաձայնել իրավապահներին: Բայց եթե իրավապահները տիրապետեին իրավիճակին, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին, ապա միգուցե ընտանեկան այս ողբերգությունը հնարավոր լիներ կանխել:

Վենդետա Սեւանում
Հուլիսի 30-ին հերթական աղմկահարույց սպանությունները գրանցվեցին Սեւան քաղաքում: «ՄիրաԺ» հանգստյան գոտում վիճաբանություն էր եղել լողափի սեփականատիրոջ եւ մի խումբ երիտասարդների միջեւ: Ըստ քաղաքում տարածված լուրերի՝ «ՄիրաԺ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանը լողափում գտնվող երիտասարդներից հանգստյան գոտուց օգտվելու համար գումար էր պահանջել, ինչից հետո նրանց միջեւ սկսել էր վեճ: Վեճի արդյունքում մարմնական վնասվածքներից մահացել էր լողափի սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանը: Սպանվածի որդին` Էդգար Հովհաննիսյանն էլ, տեղեկանալով հոր սպանության մասին, որսորդական զենքով սպանել էր Դավիթ Առաքելյանին: Այսինքն՝ երիտասարդը չէր սպասել կամ միգուցե վստահ չէր եղել, որ հորը սպանողին կպատժեն օրենքի խստությամբ, դրա համար էլ սեփական ուժերով էր խնդիրը լուծել:
Իսկ ինչպես են խնդիրը մեկնաբանում մասնագետները: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, այս մեկ ամսվա ընթացքում սպանության սարսափելի դեպքեր արձանագրվեցին, ինչի՞ հետեւանք է այս ամենը:
-Այս պահին ինձ դժվար է գնահատական տալ, հանցագործություն բոլոր ժամանակներում էլ եղել է, եթե այս մեկ ամսվա ընթացքում դեպքերը շատ են, իմ կարծիքով իրավապահ մարմինները եւս կնայեն, կվերլուծեն, կհասկանան՝ պատճառը ինչն է: Չեմ կարծում, որ հանցագործ աշխարհի հետ կապված զարգացումներ կան, երեւի թե սոցիալական բնույթ են նմանօրինակ դեպքերը կրում: Իմ կարծիքով՝ ինչպես ես այս պահին զգում եմ, շուրջս նայում եմ, հանցագործությունների 70 տոկոսը սոցիալական բնույթ ունեն:
-Իսկ արդյո՞ք անպատժելիության մթնոլորի հետեւանք չէ, որ մարդիկ իրենք են խնդրին լուծում տալիս՝ ինքնադատաստանի գնալով:
-Չեմ կարծում, որ անպատժելիության մթնոլորտն է, բոլորն էլ պատժվում են, ինչքան որ ես տեսնում եմ: Չունեմ այնպիսի ինֆորմացի, թե ով է այս ժամանակահատվածում հանցագործություն կատարել ու դուրս եկել: Այսքանը: Էլ ի՞նչ ասեմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
Ինչպես երեւում է՝ ԱԺ պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող Քեթրին Գրուպի եւ պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով չեն հոսում»: Նրանք միմյանց հետ դատական քաշքշուկների մեջ են հայտնվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը: Ըստ էության ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպին», որը, ամենայն հավանականությամբ, մեծ գումարի է, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել եւ դիմել է դատարան:
Թե ինչ կորոշի գործը նախագահող դատավորը՝ Արման Թովմասյանը, դժվար է ասել: Երկու կողմում էլ կարող ուժեր են: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐՈՒՄ
Դատավորների դիմումները չեն դադարում: «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել էր այն խնդրին, որ շատ դատավորներ պարզապես չեն հասցնում իրենց հասցեագրված գործերը քննել: Դրա համար մի շարք քրեական գործեր քննող դատավորները դիմումներ են ներկայացնում դատարանների խորհրդին՝ պահանջելով, որ իրենց այլեւս որեւէ գործ չտան քննելու համար: Դատական գործերը լցվել են արդարադատություն իրականացնողների գլխին:
Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, քաղաքացիական գործեր քննող դատավորներն էլ են սկսել դժգոհել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին այդ դատավորները եւս դիմումներ են ներկայացնում դատարանների խորհրդին, որ նրանց բաշխվելիք գործերին տոկոսաչափ սահմանվի:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ներկայացրած դատավորներն են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը, որոնց դիմումները խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը բավարարել է: Ըստ ամենայնի, կսկսեն լիմիտավորվել բաշխվելիք գործերը:

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ՆԵՂՈՍԸ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 20-րդ գնումների պլանն է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն այն դեպքում, երբ Հայաստանի նմանատիպ քաղաքները բավականին ցածր ինտենսիվությաբ են նույն գործողությունն իրականացնում: Եւ մոտավոր հաշվարկներով նմանատիպ քաղաքները տարվա ընթացքում միջինը չորս-հինգ անգամ են փոփոխության ենթարկում իրենց գնումների պլանը: Իսկ ի՞նչ նպատակ ունի այդ քայլը. գուցե այդկերպ դժվարությամբ քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանը ցանկանում է ցույց տալ, որ աշխատում է, գործ է անում:
Նկատենք, որ աշխատանքի իմիտացիայի շրջանակներում Մամիկոն Ասլանյանը ցանկանում է «մաքրել գետերի հունը» 12 մլն դրամով: Նույնիսկ Նեղոս գետի հունը մաքրելը, ամենայն հավանականությամբ, այդքան «չի նստում» Եգիպտոսի բյուջեի վրա: Հուսանք՝ լրացուցիչ գումարներ չեն պահանջվի վանաձորյան Նեղոսի մաքրման աշխատանքների համար:

 

 
ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկեց «Իգլա»-ի գործով դատավարությունը, որը, սակայն, հետաձգվեց: Ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի շահերի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը ներկա չէր դատական նիստին, եւ դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգելու մասին: «Մեզ չեք հարցնում՝ ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ: Ես ասում եմ իրականությունը` անմեղ մարդուն բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել»,-դժգոհեց Սամվել Բաբայանը: Հավելենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին Փամբակ-Վանաձոր վազորդի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը եւ մահացել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:

 

 

ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ
Լոռու մարզի Քարկոփ գյուղում երեկ հողին հանձնեցին հուլիսի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով հայտնաբերված պայմանագրային զինծառայող, 1984թ-ին ծնված Արկադի Լեւոնի Ղամբարյանի դին: Նշենք, որ 32-ամյա Արկադի Ղամբարյանն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ 12 տարեկան որդի, 6 եւ 4 տարեկան աղջիկներ: Պայմանագրային ծառայության էր անցել վերջերս:

 

 

ԴԻՄԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 103-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու համար: Վիճարկվող նորմերը ներկայումս դատարաններին հնարավարություն են տալիս քրեական գործը մեղադրողին վերադարձնել այն հիմքով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին: Խոսքն այն պահանջների մասին է, որոնք վերաբերում են քրեական գործով ձեռք բերված ապացույցների մեղադրող կամ արդարացնող բնույթին, վերաբերելիությանը, ապացուցողական արժեքին, որոնք գնահատման ենթակա են ոչ թե քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, այլ դատական ակտ կայացնելիս:

 

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի, 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին Արարատի մարզի անչափահաս բնակիչը բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող Կարմիր սար կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետեւանքով էլեկտրահարվել է, վայր ընկել եւ մահացել: ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս