ԹԲԻԼԻՍԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարիներին, գերադասում է հանգստանալու նպատակով արտերկիր մեկնել ոչ թե Երեւանի «Զվարթնոց», այլ Թբիլիսիի օդանավակայանից: Պատճառն այն է, որ Վրաստանում ավիատոմսերը ավելի էժան են, քան Հայաստանում:

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, որ պատրաստվում է իր հանգիստն անցկացնել արտերկրում, համեմատում է Հայաստանում եւ Վրաստանում տվյալ երկրի ավիատոմսի գները: Եւ եթե Վրաստանինն ավելի մատչելի է լինում, ապա նախապատվությունը դրան է տալիս: Երեւանում գործող տուրիստական ընկերություններից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ Վրաստանից հատկապես շահավետ է մեկնել ընտանեկան փաթեթներով, քանի որ դրանք անհամեմատ մատչելի են, քան մեզ մոտ:
Ըստ ոլորտի մասնագետների` Հայաստանում տուրիստական ընկերությունների մեծ մասը իրենց հաճախորդներին առաջարկում է օգտվել Վրաստանի օդանավակայանից, քանի որ այնտեղից անհամեմատ էժան են բոլոր ուղղություններով թռիչքները: Արդեն մի քանի տարի է, ինչ այս խնդիրը կա, սակայն, չգիտես ինչու, իշխանությունների աչքից միշտ վրիպում է: Եւս մի հանգամանք. Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները, իսկ մյուսները աստիճանաբար դուրս են գալիս շուկայից:
Օրինակ՝ պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստան այցելել է 2.6 մլն մարդ: Նշենք, որ միայն 686 հազար մարդ դեպի Վրաստան այցելել է Ադրբեջանից, 639 հազար մարդ` Թուրքիայից: Իսկ ահա Հայաստանից Վրաստան այցելել է 553 հազար քաղաքացի:
Բայց տուրօպերատորների համոզմամբ` նշված թիվը այս տարվա ընթացքում զգալի ավելացել է: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնական տվյալներ ստանալ Վրաստանի վիճակագրական ծառայությունից, մասնավորապես խնդրեցինք տրամադրել, թե այս հուլիսին քանի ՀՀ քաղաքացու է սպասարկել Թբիլիսիի օդանավակայանը: Սակայն այնտեղից մեզ փոխանցեցին, որ այս պահին հաշվարկներ են արվում, եւ հստակ որեւէ թիվ չեն կարող հայտնել:
Բայց ինչպես արդեն նշել ենք, հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են արտերկիր մեկնել Թբիլիսիի օդանավակայանով, քանի որ ավիատոմսերը էժան են: Բերենք մի քանի օրինակ: Այսպես՝ օգոստոսի 12-ից մինչեւ 20-ը Երեւանից դեպի Աթենք առաջարկվում է 483 դոլարով, իսկ ահա նույն ուղղությամբ Թբիլիսիից՝ 365 դոլարով: Դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երեւանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ: Երեւանից դեպի Ֆրանիսա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից` 443 դոլար: Նման օրինակները բազմաթիվ են, իսկ գնային տարբերությունները` հսկայական: Եւ որքան էլ հայ զբոսաշրջիկները գումար ծախսեն ՀՀ-ից դեպի Թբիլիսիի օդանավակայան հասնելու համար, միեւնույն է` նրանք այս դեպքում գումարներ են տնտեսում:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս տարվա հուլիսին Թբլիիսիի Շոթա Ռուսթավելիի անվան օդանավակայանը սպասարկել է 371 հազար 131 ուղեւորի, իսկ Բաթումիի միջազգային օդանավակայանը` 100 հազար 613 ուղեւորի: Սա վրացական կողմը համարել է ռեկորդային: Անցած տարվա համեմատ Թբիլիսիի օդանավակայանի ուղեւորահոսքը 42 տոկոսով աճել է: Իսկ Բաթումիի օդանավակայանի դեպքում աճը կազմել է 65 տոկոս: Ի դեպ, նշված երկու օդանավակայանների մասով թռիչքների քանակը նույնպես աճել է. Թբիլիսիի օդանավակայանում այն ավելացել է 42, իսկ Բաթումիի դեպքում` 31 տոկոսով: Եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ այս թվերի մեջ են նաեւ այն ՀՀ քաղաքացիները, որոնք էժան ավիատոմսերի համար նախընտրել են հանգստի նպատակով եվրոպական երկրներ մեկնել Թբիլիսիի օդանավակայանից: Իսկ ահա Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այս տարվա հուլիսին ուղեւորահոսքը կազմել է 270 հազար 751, Գյումրու «Շիրակ» օդանավակայանում` 9 հազար 98:
Իսկ Հայաստանի կառավարությունը այս խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է միայն զբոսաշրջային պետական կոմիտե եւ զբոսաշրջության զարգացման հիմնադրամ եւ այլ մարմիններ ստեղծելով: Իսկ զբոսաշրջությունն այդպես էլ չի զարգանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՎԵՐԻ
Սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչները մի կողմից ադրբեջանական նշանառության տակ գտնվող հողատարածքներն են մշակում՝ վտանգելով իրենց կյանքը, մի կողմից էլ պայքար են սկսել տանել մի քանի կովերի դեմ:
Իսկ ի՞նչն է խնդիրը: Պարզվում է՝ 8-9 կովերից բաղկացած մի խումբ կա, որը գիշեր-ցերեկ թափառում է գյուղի տարածքում, ավերում գյուղացիների տնամերձ հողամասերը, ոչնչացնում բերքը: Քանի որ Բարեկամավանի վարելահողերը ադրբեջանական նշանառության տակ են եւ գրեթե չեն մշակվում, այդ պատճառով բարեկամավանցիների տնամերձ տարածքներում աճող բերքը սահմանամերձ գյուղի բնակիչների կեցության համար շատ կարեւոր է: Բայց կովերի նախիրի դեմ պայքարի որեւէ մեխանիզմ չունեն: Գյուղացիները դիմել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ Նոյեմբերյանի համայնքապետարան: Բանն այն է, որ Բարեկամավան գյուղը 8 այլ բնակավայրերի հետ ներառված է խոշոր Նոյեմբերյան համայնքի մեջ:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Բարեկամավանի թափառող կովերի խնդրով զբաղվել է ոստիկանության բաժնի տեղամասային տեսուչը: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ թափառող կովերի տերերը զբաղմունք ունեցող մարդիկ են, ովքեր չեն կարողանում իրենց կովերին մշտապես հսկել, արածեցնելու տանել: Իհարկե, որպես վերջին տարբերակ, քննարկվել է նաեւ չարաբաստիկ կովերին վաճառելու տարբերակը, բայց այդ դեպքում էլ գյուղացիներից շատերը թարմ կաթ ունենալու խնդրի առաջ կկանգնեն: Մի խոսքով, բարեկամավանցիների համար նոր հոգս է առաջ եկել: Հուսանք՝ գյուղի ջոջերով կհավաքվեն ու օրախնդիր կովերի հարցին լուծում կտան, քանի որ ՀՀ ոստիկանությունն անկարող է եղել ինչ-որ բան անել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս