Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հանձնարարեց վերանայել պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին:
Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ:
-Պարո′ն Մկրտչյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հանձնարարել է վերանայել պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների ընտրության չափանիշները: Ձեր կարծիքով ինչո՞ւ է նման հանձնարարական տալու անհրաժեշտություն առաջացել:
-Խնդիրը շատ բարդ է և տարողունակ: Մասնավորապես, պետպատվերի բաշխման մեխանիզմները կատարյալ չեն, բնականաբար, բայց առաջին հերթին պետպատվերի ձևավորման գործընթացները պետք է իրականացնել: Այսինքն` տվյալ տարվա բյուջեին համահունչ իրատեսական ծրագրեր նախատեսել, և հետո հստակ չափորոշիչների հիման վրա այդ պետական պատվերը տեղադրել: Շատ չնչին բյուջե ենք հատկացնում առողջապահական բնագավառին, սակայն ամեն ինչ խոստանում ենք այդ չնչին գումարների սահմաններում, դրանից էլ անհամապատասխանություն է առաջանում:
-Բացի այս, վարչապետը նախարարին հանձնարարել է պետպատվեր իրականացնող խոշոր բուժհաստատություններում 2017-ից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմներ: Այսինքն՝ մինչ այս աուդիտ չէ՞ր իրականացվում:
-Պարբերաբար քաղաքական որոշումներ կայացնող այրերը կրկնելու և ինչ-որ ձևակերպումների խնդիր են իրենց աշխատանքում հնչեցնում. կրկնողությունը վատ բան չէ: Աուդիտ անցկացվում է թե′ ներքին, թե′ արտաքին, ուղղակի երևի խնդիրը ավելի սուր դնելու հարց կար, և վարչապետը հնչեցրեց. նորմալ եմ դիտարկում դա:
-Ապահովագրական մասնագետին՝ Ինգո Արմենիայի սեփականատիրոջը նախարար նշանակելու որոշումը որքանո՞վ կնպաստի մեր երկրում առողջապահական համակարգի առողջացմանը:
-Ցանացած ոլորտում, եթե մարդը բիզնես շահեր ունի, այդ ոլորտում մենք կունենանք հովանավորչության երևույթներ: Ամբողջ աշխարհում է ընդունված, որ տվյալ մարդը բիզնես շահեր չունենա ոլորտի հետ կապված: Տվյալ ոլորտում դա երաշխիք չէ` լավ համակարգ կառավարելու և տվյալ ոլորտի քաղաքականություն իրանացնելու համար:
Առավել մանրամասը` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան