ՀՀ Շիրակի մարզի Հովիտ համայնքի բնակիչներն այս ընթացքում արտահերթ բուժզննում են անցնում: Առայժմ մեկ բնակչի մոտ է հայտնաբերվել բրուցելյոզ հիվանդությունը: Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոպյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին մեկ բնակչի մոտ է ախտորոշվել բրուցելյոզ տեսակի հիվանդությունը:
«Նա մսավաճառ է, ով այժմ բուժվում է Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոցում: Իմ ընկերն է, տարանք արյունը վերցրին, պարզվեց, որ ինքն էլ է վարակվել»,- հայտարարեց գյուղապետը:
Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գյուղի խոշոր եղջերավոր անասուններից արյան նմուշառում է վերցրել, ինչի արդյունքում պարզվել է, որ 4 անասուն հիվանդ են եղել բրուցելյոզով, որոնք էլ ենթարկվել են հարկադիր մորթի:
Գյուղապետի փոխանցմամբ, մանր եղջերավոր անասուններից արյան նմուշառում վերցնելու գործընթացը դեռ չի սկսվել: Զրույցի ավարտին գյուղապետը ArmLur.am-ին հայտնեց նաեւ, որ վերջին տարիների ընթացքում բրուցելյոզով վարակվել է Հովիտի մոտ 20 բնակիչ: