ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների հափշտակություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով զարգացումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե:
Ինչպես հայնտնի է՝ 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտե էր դիմել Եվրոպական միության գրասենյակը եւ հայտնել, թե ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել, որ որոշ ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհները նպատակային չեն օգտագործվել, եւ խոշոր գումար է յուրացվել: ՀՀ քննչական կոմիտեն քննություն էր սկսել եւ աղմկալի բացահայտումներ իրականացրել, ինչի արդյունքում պարզվել էր, որ շուրջ 409 մլն դրամ (772 հազար եվրո) հափշտակվել է:
Այսպիսով՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի աթոռին են հայտնվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը, Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, իսկ ահա «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել էր հետախուզում:
Շուրջ 6 ամիս հետախուզման մեջ գտնվող Գարիկ Չիլինգարյանը այս տարվա հունիսին ինքնակամ ներակայացել է նախաքննությունը իրականացնող մարմին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Գարիկ Չիլինգարյանը ինքնակամ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի` խարդախություն, եւ 325 հոդվածի առաջին մասի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Ի դեպ, պարզեցինք, որ Գարիկ Չիլինգարյանը ինքնակամ ներկայացել է քննիչներին այն բանից հետո, երբ նրա պաշտպանը հետախուզման ընթացքում դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվի ստորագրությամբ չհեռանալու ձեւաչափի, դատարանն էլ բավարարել է պաշտպանի միջնորդությունը: Ուստի ԵՄ դրամաշնորհների յուրացման գործով մեղադրյալ Չիլինգարյանը՝ վստահ լինելով, որ իրավապահներին ներկայանալու դեպքում չի կալանավորվելու, որոշել է հանձնվել:
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարանում, սակայն որոշումը վարույթ չի ընդունվել:
Հավելենք, որ դրամաշնորհների յուրացման գործով ներկայումս 14 անձ ներգրավված է որպես մեղադրյալ:
Քնար Մանուկյան