«Վայլդբերրիզ» ՍՊ-ի աշխատակիցը հափշտակել է շուրջ 2 միլիոն ՀՀ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը 2019թ. հունվարի 26-ից աշխատելով վերոնշյալ ընկերության Վանաձոր քաղաքի մասնաճյուղում որպես պահեստի եւ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր-գանձապահ, եւ աշխատանքային պայմանագրով հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ՝ լիազորված լինելով իրականացնել պահեստային աշխատանքների կազմակերպումը եւ համակարգումը, ինչպես նաեւ կանխիկ գումարի մուտքագրման եւ ելքագրման աշխատանքների կատարումը, 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2020թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, միասնական դիտավորությամբ, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված տարբեր տեսակի ապրանքների վաճառքից ստացված խոշոր չափերով գումարը ՝ 1.958.390 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս