Արտախորհրադարանական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են՝ ինչով են զբաղվելու ԱԺ-ում չհայտնվելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում չընդգրկվեց 5 քաղաքական ուժ: ArmLur.am-ը կապ հաստատեց խորհրդարանում չհայտնված քաղաքական ուժերից երկուսի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս են նրանք պատկերացնում իրենց քաղաքական ապագան, և ինչո՞վ է առաջիկայում զբաղվելու իրենց քաղաքական ուժը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ ընտրություններից հետո ՕՐՕ դաշինքը չի կարող քաղաքական գործունեություն ծավալել.

«Դաշինքը չի կարող քաղաքական գործունեություն ծավալել, որովհետև դաշինքներն ընտրությունների համար են: Եթե ընտրությունների ժամանակ չեն անցնում խորհրդարան, դաշինքն այլևս գոյություն չունի: Ուրիշ բան է, որ այդ նույն ուժերը կարող են համագործակցել, բայց քանի որ այս պահին որևէ գործընթաց չկա, համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Բայց հույս ունեմ, որ եթե ինչ որ բան լինի, շատ հանգիստ կարող ենք իրար հետ համագործակցել»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությանը` Արմեն Մարտիրոսյանը ArmLur.am-ին վստահեցրեց. «Խոշոր հաշվով խորհրդարան անցած և չանցած ընդդիմությունը տարբերվում է միայն նրանով, որ խորհրդարան անցած ընդդիմությունը որոշակի խոսափող ունի:

Բայց մեծամասնությունը միևնույն է` իր անելիքն անում է` առանց նայելու այդ ընդդիմության չափերին և որակին»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` 1991 թվականից Հայաստանում այդպես է եղել և այդպես էլ շարունակվելու է, մինչև իրավիճակ չփոխվի:

«Կուսակցությունների գործունեության արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով են պայքարի գծում կանգնած լինում, գեներացնում, օժանդակում և այլն, և այլն: Ժառանգությունը խորհրդարանում է, թե խորհրդարանից դուրս է, միշտ այդ ամեն ինչը իրականացրել է: Դուք տեսնում եք, որ իրական պայքարող, առանցքային ուժերից մեկը «Ժառանգությունն» է»,- այսպիսի պատկեր ներկայացրեց մեր զրուցակիցը:

«Հայաստանի առաջադիմական կոմունիստական» կուսակցության նախագահ, ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կոմունիստական կուսակցությունը շարունակելու է քաղաքական գործունեություն ծավալել:

«Քաղաքական կուսակցության լինելիությունը չի պայմանավորվում Ազգային ժողովում լինելով կամ չլինելով: Քաղաքական կուսակացությունն ունի իր ծրագրերը՝ Հայաստանում սոցիալական արդարություն հաստատել, պայքարել այդ հիմնադրույթները հանրային կյանքում նորմավորելու, զետեղելու համար:

Դրանք մեր հիմնական խնդիրներն են: Մենք օգտագործում ենք մամուլը, լրատվամիջոցները, և մեր մտքերը գաղափարները փոխանցում ենք ժողովրդին: ԱԺ-ում լինելով՝ պետք է ԱԺ ամբիոնը օգտագործեինք: Բայց Հայաստանում այնքան ամբիոններ կան. դա հասարակական ֆորումներ են, որ քո մտքերը արտահայտում ես, թերթերը, մամուլի ասուլիսները: Քաղաքական կուսակցությունը լինում է խորհրդարանական և արտախորհրդարանական: Մենք միշտ արտահայտում ենք մեր մտքերը, և այն մարդիկ, որոնք մեր համախոհներն են, նրանք իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանում են մեր հասարակական քաղաքական հարցադրումներին պատասխաններ տալու արդյունքում:

Նրանք, ովքեր խորհրդարանում են, իրենց գործունեությունը հանրությունը տեսնում է և զգում է երկրի վիճակը բարելավում է, թե ոչ: Եթե չի բարելավում, հաջորդ ընտրությունների ժամանակ հասարակությունը պառլամենտում եղած ուժերին ձայն է տալու՝ ելնելով նրանց վարած քաղաքականությունից: Նրանք ավելի խոցելի վիճակում են հայտնվում, եթե չեն վարում այնպիսի քաղաքականություն, որպեսզի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավիի: Մենք մեզ համարում ենք պատասխանատու ընդդիմություն», –ArmLur.am-ի հետ զրույցում եզրափակեց պարոն Սաֆարյանը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս