Սիրիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին այսօր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, և մտահոգություն է հայտնել ճգնաժամի արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն ընդունել է Սիրիայից ժամանած շուրջ 22000 փախստականների, իսկ սիրիացի ժողովրդի հետ միասին արհավիրքի դժվարություները կիսած սիրիահայության խնդիրները գտնվում են Հայաստանի իշխանությունների մշտական հոգածության ներքո։ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ ՀՀ նախագահի հրահանգով, մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Աստանայում և Ժնևում անցկացվող բանակցություններն ուղղված Սիրիայում խաղաղության հաստատմանը և հույս հայտնել, որ դրանք ճանապարհ կհարթեն իրավիճակի կարգավորման համար:

Դեսպան Իբրահիմը փոխանցել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմի ողջույններն ու բարեմաղթանքները և վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի` տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման նպատակով: Սիրիայի դեսպանն իր երկրի երախտագիտությունն է հայտնել՝ սիրիացի ժողովրդին Հայաստանի շարունակական աջակցության համար։

Դեսպան Իբրահիմը ներկայացրել է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը։




Լրահոս