Սեպտեմբերի 1-ին համացանցը ողողվեց Ախուրյանի ջրամբարում արված լուսանկարներով: Ջրամբարը ցամաքած տեսք ուներ, ձկները սատկել էին և դուրս եկել ջրի երես:
Այս մասին ահազանգում էին նաև բնապահպանները: ArmLur.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են այն մասին, որ Ախուրյանի ջրամբարը ցամաքում է: Բնապահպանը նշում է, որ իրենք մասնագիտական տվյալներ չունեն, ուստի չեն կարող նաև մեկնաբանություն տալ:
«Ահազանգը հնչեց, որ ջրամբարը ցամաքել է, ձկները սատկում են, բայց ինչո՞ւ են սատկում` ոչ ոք չգիտի: Ասում են, որ ջրբացթողումներ են եղել շրջակա գյուղերի, շրջանների ոռոգման համար, սակայն դա եղել է ոչ կանոնակարգված: Սակայն որևէ հետազոտություն այդ մասով չի արվել, ոչ ոք հստակ պատճառը չգիտի:
Մենք ուղարկել ենք տեղեկությունը բնապահպանության նախարարություն, որ նման իրավիճակ կա, սակայն այնտեղից որևէ պատասխան, որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չկա: Իրենք հետազոտություն չեն արել և չգիտեն, թե այնտեղ ինչ է կատարվում: Դա է խնդիրը», – նշեց Ադամյանը:
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ջրամբարում նախարարությունը հետազոտություն կիրականացնի:
«Նախարարի մոտ այսօր խորհրդակցություն է եղել, հիմա մենք պատրաստվում ենք զեկուցել մեր տեսակետը, դիրքորոշումը վարչապետին, ինչպես նաև այն բոլոր քայլերը, որոնք նախատեսվում են, կարվեն. ջրամբարում հետազոտություններ կանցկացվեն` պարզելու ցամաքման իրական պատճառը»,- հավելեց Պեպանյանը: