Արամ MP3-ն` Գարիկ Պապոյանի հետ նոր շոու վարելու և երկրորդ որդու ծնունդին սպասելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արամ MP3-ն երկրպագուների համար անակնկալներ է պատրաստում։ Նա նախ ծրագրում է մոտ օրերս նկարահանել նոր տեսահոլովակ՝ հայերեն պարային, ռիթմիկ երգի հիման վրա։ Երգիչը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակն ինքն ու Ֆելիքս Խաչատրյանն են, իսկ գործիքավորումը կատարել է Լազարոն. «Կփորձենք անել ամեն բան, որ հոկտեմբերի սկզբին տեսահոլովակը հանձնենք հանդիսատեսի դատին»,- ասաց Արամը։

Շարունակելով գործնական նորությունների թեման՝ երգիչը տեղեկացրեց, որ ինքն ու հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը շուտով Հանրային հեռուստաընկերության եթերում կվարեն late-night շոու, որը բաղկացած կլինի նաեւ երաժշտական հատվածից։ Այս մասին մանրամասներ մեր զրուցակիցը դեռեւս հայտնել չցանկացավ։ Ինչ վերաբերում է երկրպագուների հետ հանդիպման առիթներին, երգիչը խոստացավ առաջիկայում Իվետա Մուկուչյանի հետ հանդես գալ բացօթյա համերգով. «Հուսանք՝ սեպտեմբերին կհասցնենք համերգը կյանքի կոչել, այժմ բանակցությունների փուլում ենք»,-նշեց երգիչը։


Ի դեպ, Արամն այս սեպտեմբերին իր որդուն առաջին անգամ ուղեկցել է դպրոց։ Նա խոստովանում է, որ այդ պահին հակասական զգացողություններ է ունեցել. «Այդ պահին, իսկապես, շատ երկար էի սպասել, ներսումս խառնվել էին ուրախության եւ հպարտության զգացումները։ Երջանիկ էի, որ որդիս եկել, հասել էր կյանքի այդ փուլին, միաժամանակ մտորումների մեջ էի ընկել. փաստորեն այնքան մեծացա, որ տղաս արդեն դպրոց է գնում»,-անկեղծացավ երգիչը։


Արամի անձնական կյանքով հետաքրքրված երկրպագուները թերեւս գիտեն, որ նա սպասում է իր երկրորդ զավակի ծնունդին. ծերջինս լույս աշխարհ կգա հոկտեմբերին. «Ամբողջ ընտանիքով անհամբերությամբ սպասում ենք այդ պահին։ Ասեմ, որ այս անգամ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն լավ պատրաստված եմ (ծիծաղում է), թեպետ երեխայի ծնունդը միշտ էլ լի է անակնկալներով։ Ինձ ուրախացնում է հատկապես այն հանգամանքը, որ որդիս չի խանդում փոքրիկին, որ նոր է ծնվելու, հակառակը՝ ուրախ է, որ եղբայր է ունենալու»,-եզրափակեց երգիչը։


Աննա Բաբաջանյան




Լրահոս