Հարց քաղաքացիներից` արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին դեմ է յոգային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին դեմ է յոգային։ Չնայած այն որեւէ այլ կրոնի կամ աղանդի հետ կապ չունի, այնուամենայնիվ, արդյո՞ք չի հակասում քրիստոնեությանը։

Մելինե Կարապետյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնենք, որ յոգան դեմ է քրիստոնեական վարդապետությանը: Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները նրանք են, ովքեր Առաքելական ավանդության համապատասխան մկրտված են Առաքելական Եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագի` հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
Հետեւորդ լինել նշանակում է հետեւել` հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, ում առաջնորդությամբ, մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որը մեղքերի քավության միջոցով է լինում:
Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին` սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը` հպարտությունը: Յոգայով զբաղվելով` դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը», «Չեք կարող երկու տիրոջ ծառայել»։

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Ըստ մասնագետների՝ յոգան ուղղված է մեդիտացիայի միջոցով հասնելու մարմնի ու հոգու համահունչության, զարգացնելու մարմնի ճկունությունը։ Յոգա պարապող մասնագետների հավաստմամբ՝ այն բացի սովորական վարժանք լինելուց նաեւ օգնում է կտրվել աշխարհից։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայ առաքելական եկեղեին դեմ է յոգային, Հայաստանում օրեցօր ավելանում են յոգայի խմբակներն ու դրանով հետաքրքրվողները։




Լրահոս