Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը երեկ հրաժարականի դիմում է գրել: Չնայած նա պաշտոնապես հայտարարել է, թե պատճառն առողջական խնդիրներն են, սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, իրականում պատճառը վերջին շրջանում խիստ լարված հարաբերություններն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ:
Ինչպես հայտնի է՝ Վաչագան Ադունցը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդկանցից է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել նրա կադրերից: Վաչագան Ադունցի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները հատկապես լարվել էին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:
Գաղտնիք չէ, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ դառնալուց հետո սկսել էր համակարգն ազատել նախկին մարզպետի կադրերից՝ չխնայելով ոչ մեկին: Սակայն, ըստ երևույթին, Ադունցի հերթը դեռևս չէր հասել: Նա մարզպետին թերևս պետք էր խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի ՀՀԿ-ական թեկնածուների համար ձայներ ապահովեր, սակայն իր գործը լավ չանելն ու հետագա զարգացումները բերեցին այսպիսի հետևանքների:
Մասնավորապես, մարզպետ դառնալուց հետո աշխատանքից ազատվել էին Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն ու Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը: