Հովհաննես Սահակյանը` նոր պաշտոնում հարմարվելու և առաջիկա անելիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։

«Ժողովուրդ» օրաթերթը նորանշանակ պետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ կարժանանա Վազգեն Խաչիկյանի ճակատագրին:

-Պարո՛ն Սահակյան, արդեն մեկ ամիս է, ինչ նշանակվել եք սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ի՞նչ եք արել այս մեկ ամսվա ընթացքում:

-Նախ՝ ոլորտը ինձ անծանոթ չէր: Առաջին քայլը՝ ուսումասիրել այն ծրագրերը, այն միջոցառումները, որոնք իրականացվել են եւ ընթացքի մեջ են: Դուք արդեն իսկ տեղյակ եք, որ մենք իրականացնում ենք երեխաների, նրանց ծննդյան նպաստի առցանց տրամադրումը եւ համագործակցում ենք արդարադատության նախարարության եւ ՔԿԱԳ մարմնի հետ: Մենք ունենք բազմաթիվ նոր ծրագրեր, որոնք մշակման փուլում են: Անելիքները շատ են, բարեփոխումները շատ են, տրամադրություններս լավ է, գնալու ենք առաջ:

-Սովորաբար նորանշանակ պաշտոնյաներն ազատվում են հին կադրերից, կա՞ն անձինք, որոնցից պատրաստվում եք ազատվել:

-Ես առաջին իսկ օրը ասել եմ, որ այն անձինք, ովքեր կհամարեն, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը բացառապես ծառայություն է մատուցելու մեր ծնողներին, մեր տատիկներին, մենք միասին կարող ենք անցնել ճանապարհ, եթե կան մարդիկ, որոնք այն սկզբունքները, որը մենք ենք որդեգրել կամ ներկայացրել, օրինակ՝ ցանկացած որոշման հիմքում պետք է լինի արդարությունը, եւ նմանատիպ այլ սկզբունքներ, այդտեղ մենք կարող ենք անցնել համատեղ ճանապարհ, եթե չէ, ապա աշխարհը մեծ է:

-Դուք զբաղեցնում ենք Ձեր նախկին գործընկերոջ՝ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի պաշտոնը, որը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտում չարաշահումներ էր թույլ տվել եւ ազատազրկման էր դատապարտվել 12 տարով: Չե՞ք վախենում նրա ճակատագրին արժանանալ:

-Հարցադրումը մի փոքր ոչ տեղին եմ համարում, պրովոկացիոն եմ համարում եւ հորդորում եմ ավելի հետաքրքիր հարցադրումների անցնենք: Ես աշխատել եմ սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում այն ժամանակ, երբ կոչվում էր կենսաթոշակային հիմնադրամ: Փառք Աստծո, բոլոր այդ քննությունների, այդ անցուդարձերի արդյունքում որեւէ, նույնիսկ մի թերթիկի ծայրում իմ անունը գրված չի եղել: Ես աշխատել եմ տարբեր պետական մարմիններում, տարբեր կառույցներում եւ ցանկացած տեղ կարող եք հետաքրքրվել, որ իմ պարտականությունները կատարել եմ պատվով, պատասխանատվությամբ եւ որեւէ ակնկալիք չեմ ունեցել: Շարունակելու եմ այդպես, որովհետեւ ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում եւ մեծացնում եմ արու զավակներ:

-Վերջին անգամ ե՞րբ եք տեսել Խաչիկյանին:

-Տեսել եմ իր մոր հոգեհանգստի, հուղարկավորության ժամանակ: Մենք գործընկերներ ենք, եւ հեռու եմ այն մտքից, որ եթե կա ընկերություն, կա գործընկերություն, ապա ինչ-ինչ գործընթացներ կարող են խանգարել: Աշխատանքի մեջ ունեմ իմ սկզբունքները, շարժվում եմ իմ սկզբունքներով:

-Չի՞ խանդում, որ իր նախկին պաշտոնին եք նշանակվել:

-Խանդը այլ կատեգորիա է, Դուք կարող եք խանդել Ձեր ամուսնուն, ընկերոջը, բայց տղամարդը տղամարդուն չի խանդում:

-Սոցիալական ապահովության պետական ծառայությունը յուրացման աղմկալի բացահայտում էր իրականացրել, որով այսօր զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն: Նույն անձը ներկայացրել է 300 մարդու մահվան վկայական եւ ստացել նրանց հատկացվող թաղման նպաստները: Խոսքը վերաբերում է սգո ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք, ներկայացնելով մահացած անձանց մահվան վկայականները, ստացել են թաղման համար նախատեսված 200 հազարական դրամները: Ի՞նչ եք պատրաստվում իրականացնել՝ կոնկրետ այս իրավիճակները բացառելու համար:

-Ծրագրերը բազմաթիվ են, բայց կան ծրագրեր, որ ես ինքս պետք է ընկալեմ, հասկանամ, որպեսզի ներկայացնեմ հանրությանը: Մի փոքր էլ սպասեք, մատուցվող ծառայությունների գործընթացների մասին առավել մանրամասն կխոսենք: Եթե որեւէ մեկը ունի մահվան փաստը հաստատող թղթիկը եւ կարող է գնալ, ստանալ այդ նպաստը` 200 հազար դրամը, ապա այնտեղ կարող էր լինել որոշակի չարաշահում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, եւ հիմա մենք փորձում ենք թաղման նպաստը առցանց կազմակերպել: Եթե ՔԿԱԳ-ն էլ կմիանա մեր այս համակարգին, եւ մահը գրանցելուց, ինչպես ծնունդը գրանցելուց միանգամից ստանում են այդ նպաստը ստանալու իրավունքը, ապա մենք մի շարք չարաշահումների՝ Ձեր կողմից մատնանշած խնդիրը կարող ենք լուծել կամ համարենք լուծված:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս