Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել էր Երեւանի թատրոններ` մասնակցելու կիսամյակային հաշվետվությանը:
Ըստ ցուցանիշների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներն անկում են արձանագրել. «Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը:
Պետք է քայլեր ձեռնարկեք»,-ասել էր Արմեն Ամիրյանը: Իսկ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կիսամյակային հաշվետվությանը ծանոթանալուց հետո նախարարը նշել էր. «Վատ չեք աշխատում, հրաշալի կոլեկտիվ ունեք, բայց պետք է վերանայեք մոտեցումները: Պետք է ստեղծեք միջավայր, որում հանդիսատեսը նաեւ ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենա»: Իսկ արդյո՞ք նախարարի դիտարկումները տեղին էին եւ արդարացված. թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի հետ:
-Պարո՛ն Խզմալյան, նախարարի պահանջը, թե հանդիսատեսը նաեւ ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն պետք է ունենա, այսօրվա պայմաններում կարեւորություն ունի՞:
-Չէի ասի, թե դա առաջնային խնդիր է, ես կարող եմ ավելի լուրջ խնդիրներ թվարկել: Մեր թատրոններում, հատկապես Սունդուկյան թատրոնում, մանկական ներկայացումներից առաջ մուտքի մոտ շուկա է ձեւավորվում, վաճառվում են ձողիկներ, փուչիկներ, սուլիչներ եւ այլն: Դրանցով երեխաները մտնում են ներկայացում դիտելու եւ հենց մուտքի մոտից ապականում են թատրոն այցելելու մշակույթը: Իսկ այդ մշակույթը պետք է ձեւավորել վաղ տարիքից: Այնպես որ, միայն ընդմիջումը խնդիր չէ:
-Իսկ ի՞նչ կասեք նախարարի այն դիտարկման շուրջ, որ թատրոնները չեն կարողանում ճիշտ մատուցել իրենց աշխատանքի արդյունքը:
-Մշակույթի նախարարության մտահոգությունը հասկանում եմ, մեր երկրի պետական բյուջեի միջոցները սուղ են եւ չեն կարող բավարարել մշակութային կառույցների պահանջներին: Բայց ես շատ կցանկանայի, որ նախարարի կողքին հավաքված լինեին ոլորտից բան հասկացող մարդիկ, որոնք ճիշտ կկողմնորոշեին նրա ցանկությունը: Մենք խոսում ենք մշակույթը կապիտալիզացնելուց, բայց այսօր թատրոնի դեպքում դա չի կարող իրականացվել, քանի որ շուկան փոքր է, իսկ ժողովուրդը թատերասեր չէ: Սա խնդիրների խնդիրն է:
Ես ավելի շատ հակված եմ խոսելու թատրոնների տված գեղարվեստական արժեքի, հետո նոր մյուս խնդիրների մասին: Մեկ ձեռքի մատների վրա կարող ենք թվել ներկայացումներ, որոնք կարող ենք «քուչից դուրս», աշխարհի տարբեր ծայրերում ցույց տալ: Իհարկե, թատրոնը պետք է լինի տաքուկ ու հարմարավետ, որ մարդ տեղափոխվի ուրիշ աշխարհ, բայց եկեք՝ չմոռանանք կարեւոր խնդիրը: Այսօր բոլորը խոսում են ամեն ինչից, բացի ամենակարեւորից` ինչ անենք, որ ունենանք լավ դերասաններ ու ռեժիսորներ, որ թատրոնն իր մեկուսի վիճակը հաղթահարի:
-Ներկայացման մասին տեղեկությունը, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունավետ մեթոդներով կարելի է հանդիսատեսին տեղ հասցնել:
-Թատրոնը հրապարակային երեւույթ է, եթե այնտեղ ստեղծվում է արժեք, այդ մասին հանրությունն անպայման իմանում է: Թատրոնը պետք է ունենա հետաքրքիր, հանդիսատեսի սրտի հետ խոսող ներկայացում. ա՛յ քեզ գովազդ, ա՛յ քեզ հանրահռչակում:
Մյուս կողմից պետք է նկատել, որ մեր թատրոնը հասարակության հետ հաղորդակցման առումով մնացել է 20-րդ դարում. մենք դեռ մուտք չենք գործել 21-րդ դար: Պետք է նաեւ, որ թվային տիրույթում թատրոնները ակտիվանան, բայց ինձ համար զրոյական արժեք ունի, օրինակ, «Ֆեյսբուքում» որեւէ ներկայացման ակտիվացումը, եթե այն չունի գեղարվեստական արժեք: Նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես ինֆորմացիայի, այլ լավ ինֆորմացիայի տարածումը:
Իսկ, առհասարակ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ներկայացումները հանրահռչակելու կոնկրետ դեղատոմս չունեմ: Այսօր ամենաբարդ վիճակում թատրոնների, հատկապես պետական թատրոնների տնօրեններն են: Մի շարք անձինք, վաղուց իրենց մասնագիտությունից հոգնած, զբաղվում են դերասանությամբ կամ ռեժիսուրայով: Իրականում սա պետության կողմից սոցիալական աջակցություն է տվյալ անձանց:
Տնօրենը չի կարող կադրային այնպիսի քաղաքականություն վարել, որ մարդկանց աշխատանքից ազատելով` սովի մատնի նրանց, բայց այս պարագայում էլ նա չի կարողանում թատրոն բերել նոր ուժեր եւ հայացքներ: Այն, որ հայ թատրոնը կադրային մեծ բեռնաթափման կարիք ունի, եւ այս լճացած վիճակի համար թարմ ջուր բերող խողովակներ են պետք, մտածելու բան է: Գուցե բոլոր թատրոններից հավաքվեն ուժեր եւ ստեղծեն նո՞ր թատրոն: Բոլոր այս հարցերի հիմքերի հիմքում ընկած է կրթության խնդիրը. սա լուծելուց հետո նոր պետք է անդրադառնալ մյուս խնդիրներին: Սա պետք է ոլորտը կառավարողները հասկանան:
-Չե՞ք կարծում, որ կառավարությունն էլ պետք է հստակ դիրքորոշում, քաղաքականություն ունենա այս հարցի շուրջ:
-Մեր ոլորտն արժանի չէ, որ վերեւից նման դիրքորոշում լինի. այն այսօր վարկաբեկված ու խեղճ վիճակում է, խեղճ` ինքն իր աչքում, ուր մնաց` կառավարության աչքում չլինի: Եթե ոլորտը չեն հարգում (իսկ մեր ոլորտը հարգված չէ) մեղավորը ոչ թե չհարգողն է, այլ ոլորտի գործիչները:
-Ո՞ր դեպքում կարող է իրավիճակ փոխվել:
-Երբ ոլորտ մտնեն պրոֆեսիոնալները, քաղաքացիական դիրքորոշում եւ կեցվածք ունեցողները, ոչ թե պնակալեզներ, երկրի ապագայով մտահոգ մարդիկ, որոնց սրտի ցավը կհամընկնի հանդիսատեսի սրտի ցավի հետ:
Աննա Բաբաջանյան