ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է՝ լուրեր են տարածվում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի որոշ հաստիքների կրճատման մասին: Խոսքն ի սկզբանե վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրի, կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող հատուկ դեսպանորդներին: Սակայն այդ սեւ ցուցակում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքը, թեեւ ընդամենն օրեր առաջ այդ պաշտոնը ստանձնել էր Էնդրյու Շեֆերը: Ըստ տեղեկությունների՝ այդ հատուկ կոչումը կհեռացվի եւ հետագայում Մինսկի խմբի համանախագահների գործառույթները կկատարի Եվրոպական եւ Եվրասիական բյուրոյի փոխտնօրենի օգնականը:

Շատերը ԱՄՆ-ի այս քայլը դիտարկում են որպես ազդանշան, որ ԼՂՀ հակամարտության գործում ԱՄՆ-ն նվազեցնում է աջակցությունն ու նախաձեռնողականությունը՝ այն վստահելով Ռուսաստանին:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքի կրճատումն ի՞նչ է ենթադրում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Հասկանալի է, որ այդ ինֆորմացիան «սլիվ» են արել, քանի որ այդ նամակը կրում է կոնֆեդենցիալ բնույթ: Ընդհանուր առմամբ, նման փոփոխությունները տրամաբանական են, քանի որ դրանք տեղավորվում են այն կադրային փոփոխությունների տրամաբանության մեջ, որն այսօր անում է Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան: Այս տարի պետդեպարտամենտին ռեկորդային ցածր գումարներ են տրվել, եւ այդ առումով ֆինանսների բացակայությունը այն չափով, որն առկա էր տարիներ առաջ, ստիպում է նաեւ կրճատել կադրերը: Արդեն չկան այն գումարները, որոնք հնարավորություն կտան այդ քանակի բյուրոկրատներ ունենալ: Իհարկե, դա հենց արվել է նաեւ բյուրոկրատական ապարատի կրճատման համար: Եվ այդ կրճատումը չի վերաբերում միայն Մինսկի խմբին, այլ մեծ քանակությամբ լուրջ ինստիտուտների, որոնց նախկինում մեծ ֆինանսներ են տրվել, ընդ որում, ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան Մինսկի խմբի համանախագահի հաստիքը: Նամակում նաեւ հստակ ասվում է, որ ոչ թե վերացվում է համանախագահի ինստիտուտը, այլ համանախագահի հաստիքը: Պետդեպարտամենտն առաջարկում է, որ լինի կոնկրետ անձնավորություն, ով ԱՄՆ-ի անունից կկատարի այդ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում: Շատ կարեւոր է, որ պահպանվում են գործառույթներն ու քաղաքական նշանակությունը. ուղղակի դրանք տրվում են Եվրոպական եւ Եվրասիական հարցերով զբաղվող բյուրոյին:
-Հայաստանի համար եւ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում այդ փոփոխությունն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:
-Հայաստանի համար դա միայն դրական է եւ այն պարզ պատճառով, որ եթե նախկինում միայն առկա էր համանախագահ, ապա շատ բան կախված էր հենց կոնկրետ այդ անձից: Իհարկե, նա համաձայնեցնում էր իր գործունեությունը դեսպանի, պետդեպարտամենտի հետ, սակայն շատ անձնական ֆակտորներ եւս կային: Ներկայումս բոլոր այդ ֆունկցիաները տրվում են Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոյի փոխտնօրենին: Դա նշանակում է, որ այդ հարցը բարձրանում է ավելի լուրջ մակարդակի:
-Եթե պետք է այդ հաստիքը կրճատվեր, ապա ինչո՞ւ օրեր առաջ այդ պաշտոնում նշանակվեց Էնդրյու Շեֆերը:
-Միգուցե այդ փոփոխություններն այնքան էլ արագ չլինեն: Դա նամակ էր այն մասին, թե ինչ է նախատեսվում, սակայն այնտեղ չկան հստակ ժամկետներ: Այդ նամակից պարզ է, որ Թիլերսոնը ցանկանում է իմանալ Սենատի արձագանքը: Միգուցե Սենատը խորհուրդ տա այդպիսի կրճատումներ չանել, այնպես չէ, որ Թիլերսոնը փաստի առջեւ է կանգնեցրել Սենատին: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները կընդունվեն: Բայց կրկնեմ, որ այդ փոփոխությունները միայն դրական են Հայաստանի համար, բացասական կարող են լինել, եթե Հայաստանն ԱՄՆ-ի հետ շարունակի աշխատել այնպես, ինչպես վերջին տարիներին: Այստեղ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե նոր ինստիտուտի հետ աշխատանքի ինչպիսի ձեւ կընտրեն Հայաստանն ու Ղարաբաղը:
-Այս փոփոխությունը նաեւ մեկնաբանվեց այնպես, որ ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ողջ նախաձեռնությունը թողնում է Ռուսաստանին:
-Դա այդպես չէ, քանի որ հիմնական նախաձեռնողականությունը միշտ էլ ՌԴ-ի մոտ է եղել: Ռուսաստանը ցանկացած դեպքում կշարունակի գլխավոր դեր խաղալ, քանի որ իրավիճակի սրման դեպքում բոլոր հարցերը կանոնակարգվում են Մոսկվայի կողմից: Մինսկի խումբը՝ որպես ինստիտուտ, վաղուց արդեն չի զբաղվում հիմնահարցի կարգավորմամբ, քանի որ դրա համար մեխանիզմներ չունի: Տվյալ պարագայում Մինսկի խումբն ուղղակի բանակցությունների ֆորմատ է, ուղղակի պետք է ցույց տալ, որ բանակցություններ են ընթանում: Դա թույլ է տալիս զսպել Ադրբեջանին, իսկ Հայաստանին էլ՝ ինչ-որ քայլեր կատարել: Բայց ցանկացած պարագայում վաղուց հայտնի է, որ գլխավոր դերակատարը, իհարկե, Մոսկվան է: Բայց այստեղ պետք չէ գերագնահատել արտաքին խաղացողների ազդեցությունը, քանի որ երկու հիմնական խաղացողներն այս պարագայում Հայաստանն ու Ադրբեջանն են, եւ վերջին խոսքը նրանցն է: Ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքականությանը, ապա այն բարդ է, եւ ԱՄՆ-ին ոչ մի դեպքում այս տարածաշրջանում ինչ-որ բաներ չեն տա: Ղարաբաղյան հարցն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ առաջնային չէ դեռ 2002 թվականից, ուղղակի տարեցտարի այն ավելի է նվազում: 2000-ական թվականներից առհասարակ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ գնալով նվազում է: Սակայն ԱՄՆ-ն ցանկացած պարագայում կհետեւի կոնֆլիկտի ընթացքին, եւ չեն կարող ոչ մի տեղ թողնել այն՝ ստիպված լինելով զբաղվել այդ գործով: Հարցն այն է, որ այդ կոնֆլիկտն առաջնային հարց չի լինելու, չնայած երբեք էլ այդպիսին չի եղել: Չի կարելի ասել, որ ԱՄՆ-ն երեկ ավելի շատ էր հետաքրքրվում այդ հարցով, իսկ այսօր՝ ոչ:

 

 

 
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատճառ դարձան, որպեսզի շատ քաղաքական ուժեր եւ անհատներ հիասթափվեն քաղաքական դաշտից, նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվելու որոշում կայացնեն: Խոսքը հատկապես վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մաս կազմող ուժերին եւ անհատներին: Օրեր առաջ «ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, որ դաշինքին էր սատարում, հայտարարել էր, թե քաղաքականությամբ այլեւս չի զբաղվելու: «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները եւս հիասթափված են եւ քաղաքական գործընթացների փոխարեն զբաղվելու են իրենց ազատամարտիկների սոցիալական հարցերով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը նշեց, թե չկան քաղաքական այնպիսի գործընթացներ, որին կցանկանային մաս կազմել եւ համոզված լինել, որ այլեւս չեն հիասթափվի, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
-Պարո՛ն Մելքոնյան, «Ազատամարտիկների դաշինքն» առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: Ակտիվանալո՞ւ է Ձեր գործունեությունը:
-Մենք միշտ էլ ակտիվ ենք եղել եւ մնում ենք, ինչպես կանք: Մոտավորապես երկու շաբաթից կմեկնարկեն վարչության նիստերը: Հիմնականում մենք մեր ծրագրերն ենք շարունակելու իրականացնել: Մեր դաշինքի ազատամարտիկների սոցիալական խնդիրներով ենք զբաղված:
-Քաղաքական գործընթացների մասնակցություն ներառվա՞ծ չէ Ձեր ծրագրերում:
-Քաղաքական գործընթացներ կա՞ն, որ մենք էլ մասնակցենք: Միայն խոսակցություններ են առկա: Քաղաքական դաշտ չկա, չի էլ լինի:
-Բայց ընտրություններից հետո կրկին ակտիվացան ընդդիմադիր դաշտի միավորման մասին խոսակցությունները:
-Այդ միավորումները հանդիպում են, խոսում են, զրուցում են, սակայն միայն զրույցներ են, ոչ ավելին: Մենք նման զրույցներին չենք մասնակցում, քանի որ զբաղված ենք այլ հարցերով: Տղաների կեսը հիվանդանոցում է, սոցիալական վիճակն այնքան վատ է, որ վիրահատության գումար չկա, մի քանիսը նույնիսկ մահացել են հիվանդանոց չտանելու պատճառով:
-Այսինքն՝ նաեւ հիասթափվա՞ծ եք:
-Հիասթափությունն էլ ինչպե՞ս է լինում, ոնց կարող ենք չհիասթափվել: Երկրում ստույգ ոչ մի բան չկա: Տնտեսությունը փոխանակ լավանա, աստիճանաբար վատանում է, ամեն ինչ գնում է դեպի վատը: Օրեցօր ժողովրդի, երկրի վիճակը վատանում է:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԴԵ, ՁԵԶ ՏԵՍՆԵՆՔ
Պատգամավորներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում անթաքույց բողոքում են, որ ցանկացած նորելուկ ինչ-որ անհայտ «լրատվամիջոցի լրագրողի» անվան տակ մտնում է խորհրդարան եւ միջանցքներում փորձում իրենց գործարքներ առաջարկել, գումար կորզել եւ այսպես շարունակ: Ու եթե այն ժամանակ պատգամավորները դժգոհում էին, թե իրենք այդ ամենի դեմը չեն կարող առնել, քանի որ հավատարմագրման գործը ԱԺ նախագահի եւ խորհրդարանի աշխատակազմի որոշելիքն է, ապա հիմա միանգամայն այլ իրավիճակ է. այսուհետ նոր խորհրդարանում, ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն, լրատվամիջոցների հավատարմագրումն իրականացնելու է ԱԺ խորհուրդը: Իսկ այդ մարմինը կազմված է խորհրդարանի նախագահից, փոխնախագահներից, խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից: Դեռ ավելին՝ այդ խմբում երկու պրոֆեսիոնալ լրագրող կա՝ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, հիմա այդ խորհրդի 17 անդամները կարող են հավատարմագրման հարցերը որոշել, եւ հետաքրքիր է՝ նրանցից քանիսը կհամարձակվեն վերջապես տարբերակում մտցնել լրատվամիջոցների եւ դրա անվան տակ հանդես եկող իմաստակների միջեւ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում մոտ 230 լրագրող է հավատարմագրման հայտ ներկայացրել:

 

 

ՉԻ ԳՆԱ
Մշտապես ավանդույթ է եղել. նոր ուսումնական տարվա առաջին օրը կառավարության ղեկավարը որեւէ դպրոց է այցելում: Սակայն այս տարի վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է խախտել ավանդույթը, ու այսօր որեւէ ուսումնական հաստատություն այց նախատեսված չէ: Դրա փոխարեն վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Գյումրի: Կարծես թե նա իրեն ցանկանում է հեռու պահել նման միջոցառումներից, քանի որ չէր մասնակցել նաեւ Վերջին զանգի արարողությանը: «Ժողովուրդը» փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից պարզել, թե վարչապետն ինչու ուսումնական հաստատություն չի այցելելու: Ի պատասխան՝ խոսնակը նշեց, թե դա կառավարության ղեկավարի աշխատանքային գրաֆիկի հետ է կապված:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
Երեւանի շամպայն-գինիների գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանին, հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս ընկերության բաժնետոմսերի հետ կապված այլ անձանց հետ խնդիրներ ունի: Մասնավորապես Աշխեն Գեւորգյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Երեւանի շամպայն-գինիների գործարանը վճարի բաժնետոմսերի դիմաց հասանելիք վճարումները: Ըստ էության Ա. Գեւորգյանը վաճառել է բաժնետոմսերի իր մասը, սակայն ընկերությունը չի վճարել դրա դիմաց: Այս գործով մի քանի դատական նիստեր են կայացել, եւ այժմ սկսվել է դատաքննության փուլը: Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ նախկին պատգամավորի ընկերությունը խաբված կարգավիճակում է թողել ընկերության բաժնետերերին:




Լրահոս