Մանանա թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանանա թեյերի» աջակցությամբ օրերս Հայաստան էր ժամանել աշխարհի ամենահայտնի սոմելյեներից մեկը` Ֆրանկ Թոմասը, ով կրում է Եվրոպայի և Ֆրանսիայի լավագույն սոմելյեի տիտղոսը: Այցի շրջանակներում Ֆրանկ Թոմասը մասնակցեց ընկերության կողմից արտադրված «Մանանա» օրգանական թեյերի համտեսին, ծանոթացավ հայկական թեյաբույսերի վերամշակման և փաթեթավորման յուրահատուկ տեխնոլոգիային: Սոմելյեն բարձր գնահատեց «Մանանայի» արտադրանքը և խորհուրդներ ներկայացրեց թե ինչպես կարելի է էլ ավելի ընդգծել հայկական բնական թեյի յուրահատուկ համը և բուրմունքը, սննդի և այլ խմիչքների հետ հետաքրքիր համադրություններ ստանալու համար:
«Մանանա» ապրանքանիշը բավականին հայտնի ու պահանջված է շուկայում: Այն առանձնանում է իր համային որակներով, հետաքրքիր համադրություններով և պատրաստման տեխնոլոգիայով: Ընկերությունն օգտագործում է միայն բարձրադիր գոտիներից հավաքած խոտաբույսերը և, կիրառելով հատուկ տեխնոլոգիա, տեսակավորում, մշակում, չորացնում է դրանք, որից հետո պատրաստում է յուրահատուկ թեյախառնուրդներ և մատուցում թեյի սիրահարներին:

Ինչպես նշեց ձեռնարկության տնօրեն Տիգրան Սահակյանը, չորանոցի հատակն ունի խոնավությունը կլանող հատկություն, որը թույլ է տալիս թեյաբույսերը երկու անգամ ավելի արագ չորացնել՝ չկորցնելով դրանց օգտակարությունն ու բժշկական հատկությունները: Ի դեպ` ընկերությունն աշխատում է օրգանիկ սերտիֆիկացման կառույցների հսկողության ներքո՝ նրանց կողմից մշտական ստուգայցերով: Ապրանքանիշի օրգանիկ սերտիֆիկացումը համապատասխանում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի պահանջներին:

«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս` դաղձ, նանա, երիցուկ, արևքուրիկ, անթառամ, ռեհան, վարդ և այլն: Հումքի մթերումը կատարվում է Հայաստանի բարձրադիր գոտիների համայնքների գյուղացիների ներգրավմամբ: Այժմ բույսերի հավաքման գործընթացին մասնակցում է ավելի քան 160 որակավորված վայրի քաղի մասնագետ, բայց տնօրինության պլաններում է ընդլայնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխատակիցների թիվը՝ հասցնելով մինչև 600-ի: Արտադրության ընդլայնմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը նպաստում են նաև արտադրանքի արտահանման հնարավորությունները: Արդեն մի քանի ամիս է, ինչ «Մանանա» թեյերն արտահանվում են Ռուսաստան և վաճառքի ծավալները գնալով աճում են: Այս տարվա հոկտեմբերին թեյերի առաջին խմբաքանակը կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մոտ ապագայում` ԱՄՆ, Գերմանիա և Ֆրանսիա:

Այժմ ընկերությունում իրականացվում են վերազինման աշխատանքներ, որպեսզի հնարավորություն լինի նաև սկսել չրերի արտադրություն: Չրերի արտադրության գաղափարն առաջացել է հենց սպառողի պահանջարկից, ով, բացի օրգանական թեյից, ցանկանում է ձեռքբերել հայկական համեղ և անարատ չորամրգեր:
«Մանանա ապրանքանիշն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում գրանցվել են շատ հաջողություններ: Ընկերության բարձրորակ արտադրությունը ընդլայնելու համար առաջացավ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն: Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ ընկերությունն ամբողջովին վերազինվեց և այժմ գտնվում է ISO ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացման փուլում, որպեսզի արտադրանքն ընդունելի լինի ինչպես Արևմտյան Եվրոպայի երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում: Ընդամենը երեք ամսվա ընթացքում հաջողվեց վերակազմակերպել և արտադրություն, և արտահանում», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը:

Արտահանումը խթանելու և նորանոր շուկաներ գրավելու համար ընկերությունը համագործակցում է «Վելֆյուժն» միջազգային ընկերության հետ, որը մասնագիտացված է սննդի արտադրության նորարար տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտում: «Ի թիվս այլ նախագծերի, հատուկ այս համագործակցության շրջանակներում ստեղծել ենք աշխարհում առաջին մեղրային թեյ: Անարատ մեղրի հետ են խառնված Հայաստանում աճող բույսերը: Այն կարող եք օգտագործել ինչպես, օրինակ, նախաճաշին` որպես սնունդ, այնպես էլ` որպես թեյ, ավելացնելով վրան տաք ջուր», – նշեց «Վելֆյուժն» ընկերութան տնօրեն Զոհրաբ Մինասյանը:
Մեղրային թեյը առաջին անգամ հանրությանը կներկայացվի այս տարվա նոյեմբերին` Հնդկաստանում կայանալիք ցուցահանդեսին:




Լրահոս