ՀԱՐՑ. Եթե անձը բնակվում է ՀՀ-ից դուրս, եւ անհրաժեշտ է ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք, ապա ի՞նչ պետք է անի նա: Ո՞ւր պետք է դիմի եւ ի՞նչ փաստաթղթեր ներկայացնի:
Լիաննա Պողոսյան (29 տարեկան, ուսուցչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնի` տեղեկանք՝ հայցողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք՝ հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից տրված, տեղեկանք՝ ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաեւ ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը, սահմանված ձեւի դիմում-հայտարարություն:
Դիմում-հայտարարության ձեւը տրամադրում է նախարարությունը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է դիմողի ծնողը, ապա վերը նշված փաստաթղթերից բացի՝ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները եւ իր անձը հաստատող փաստաթուղթը:
Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա ներկայացնում է նաեւ տեղեկանք՝ հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Տեղեկանքը տրվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար վճարել 10000 դրամ, երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 7000 դրամ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամ: