Այս քաղաքականությունը շարունակվելու է. քաղաքագետը՝ Զյուգանովի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» առանցք համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Մոսկվայի հետ սերտ գործակցության:

Նրա խոսքով, Արցախի հակամարտության լուծումը պետք է փնտրել բանակցությունների սեղանին, համբերություն եւ բարի կամք ցուցաբերել:

Զյուգանովն անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ցանկությանը:

«Ռուսաստանի ազդեցության գոտուց բոլոր դուրս եկողների մոտ վատ իրավիճակ է ստեղծվում: Ամերիկյան դուդուկի տակ պարող մարդիկ Ռուսաստանին չեն ծառայում: Հայաստանի այդ ուժերին չի կարելի ազատություն տալ: Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդը:

ArmLur.am-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: Վերջինս նորմալ է գնահատում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի հայտարարությունը` նշելով, որ նման հայտարարությունները կապված են այնտեղ տիրող նախընտրական տրամադրությունների հետ:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն, Հայաստանն արդեն այլ ֆորմատով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, թեեւ անդամ չէ, բնականաբար, ավելի թույլ ֆորմատով, քան ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ այս նույն քաղաքականությունը դեռ շարունակվելու է. «Որևէ արտառոց բան չի կատարվել, եւ նախընտրական արշավի ժամանակ բազմաթիվ ձևակերպումներ են լինում, որը հասկանալի է»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս