Ստիպում են երկու տրանսպորտ փոխել՝ աշխատավայր հասնելու համար. Երևանի տրանսպորտի գինը փոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի տրանսպորտային ցանցը չի բավարարում անվտանգ եւ որակյալ սպասարկում իրականացնելու չափանիշներին: Ու այս խնդիրը լուծում չի ստանում։ Գործին անգամ խառնվել է քաղաքային իշխանությունների կողմից հրավիրված բրիտանացի թանկարժեք խորհրդատուն, բայց արդյունքները տեսանելի չեն:
Ինչպես հայտնի է` քաղաքային իշխանությունը բազմաթիվ անգամ փորձել է հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնել:

Բայց այդ փորձերը երբեւէ չեն հաջողել՝ հասարակական ճնշման տակ: Վերջին անհաջող փորձը 2013 թվականին էր, որը ձախողվեց երեւանցիների համառ պայքարի արդյունքում: Ճիշտ է՝ հիմա քաղաքացիները երթեւեկում են 100 դրամ սակագնով, բայց քաղաքապետարանը քաղաքի բնակիչներից «հաշվեհարդար» տեսնելու այլ` ավելի նենգ ճանապարհ է գտել:

Այժմ քաղաքի բազմաթիվ երթուղիներ ձեւափոխել են իրենց երթուղին: Այսինքն՝ ավելի կարճացրել են այն, ինչի արդյունքում քաղաքացին երկու տրանսպորտից է օգտվում: Այսպես քաղաքապետարանը թաքուն-թաքուն երթուղիները կրճատելով կամ ձեւափոխելով՝ փորձում է մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի իրենք իրենց անունից պահանջեն ուղեւվարձը բարձրացնել, միայն թե ներկայիս պայմաններով չերթեւեկեն: Եւ սա քաղաքապետարանն արեց գողեգող` առանց իր քաղաքացիների կարծիքի հետ հաշվի նստելու:

Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը:

«Եւ սա այն դեպքում, երբ նախկինում ընդամենը մեկ նստեցումով էր տեղ հասնում: Այս ամենի պատճառն ուղեւորավարձի սակագին չբարձրացնելն է: Երկու-երեք նստեցումով իրենց աշխատավայր կամ տուն հասնող մարդիկ նոր են հասկացել, որ իրենց համար ուղեվարձը կրկնակի է թանկացել»,- ներկայացրեց մասնագետը: Նա փոխանցեց նաեւ, որ իր ղեկավարած միության տվյալներով՝ մայրաքաղաքում 2013 թվականից հետո ավելի քան 12 երթուղի այլեւս չի շահագործվում:

Ըստ Եղիազարյանի` այն տարածքներում, որտեղ ուղեւորահոսքը քիչ է, երթուղիները կրճատվել են: «Վարորդներն ասում են` իմ սեփականությունն է, ես չեմ կարող երկու կամ երեք մարդու համար այդ ամբողջ երթը կատարել: Այսօր ոչ մի վարկային կազմակերպություն մեր վրա չի նայում, որովհետեւ վտանգավոր գոտում ենք:

Շուտով կասեն՝ առանց վառելիքի աշխատեք, մի նորոգեք ավտոմեքենան: Բայց դուք գիտեք, որ վարորդները գործող մեքենաները քանդում են, որպեսզի դրա պահեստամասերով նորոգեն մյուսները»,- տեղեկացրեց փոխադրողների խնդիրներով զբաղվող Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի խնդիրները կարգավորելու համար հրավիրել է բրիտանական WYG International ընկերության խորհրդատուի, որին, ի դեպ, վճարվել է 840 հազար եվրո: Սակայն բրիտանացի թանկարժեք խորհրդատուն առարկայական ոչինչ չի արել մինչ օրս՝ բացի քննարկումներ անցկացնելուց:

Բայց փոխադրողների միության նախագահը համոզված է, որ քաղաքապետարանի ուղեվարձը թանկացնելու այս փորձը եւս չի հաջողելու: «Ես այդ բրիտանացի պարոնին հարցեր ունեմ տալու, չգիտեմ՝ ոնց պետք է պատասխանի, բայց խնդիր ունի լուծելու, ինքը պետք է ապահովի 100 դրամ սակագնով շահութաբեր աշխատանք: Իսկ այսօրվա երթուղային ցանցով դա հնարավոր չէ: Դեռ չեմ խոսում այն մասին, որ նոր համակարագին անցնելու համար շատ գումարներ են պետք:

Եվրոպական տարբերակը չի կարող հեշտությամբ ներդրվել մեր քաղաքում, հակառակ դեպքում` փոխադրավարձը շատ բարձր է լինելու, ոչ թե 100 կամ 200 դրամ այլ 500 դրամն անցնելու է: Թանկարժեք տրանսպորտ է»,- նկատեց Եղիազարյանը:

Հ.Գ. Հավելենք, որ «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված է, որ Երեւանում տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը քաղաքապետի պարտադիր լիազորությունների մաս է կազմում: Իսկ դրանց ոչ պատշաճ իրականացման դեպքում կառավարությունը իրավունք ունի պաշտոնանկ անելու քաղաքապետին։ Գուցե պարոն Տարոն Մարգարյանը տեղյակ չէ՞, թե այսօր ինչ պատկեր է այս ոլորտում, եւ բոլոր հիմքերը կան՝ իրեն պաշտոնանկ անելու համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս