Ինչո՞ւ է իշխանությունը Գորիսի քաղաքապետի համար ընտրել հենց 26-ամյա թեկնածուին. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որեւէ մեկը չի մտածում Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու մասին՝ համարելով այդ հարցը վաղուց լուծված: Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գորիսի քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը, սակայն, քաղաքապետարանի հետ որեւէ առնչություն չունի:

Այնինչ՝ ընդունված կարգ է, որ քաղաքապետի հրաժարականից հետո սովորաբար պաշտոնակատար է դառնում փոխքաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Այս անգամ այդպես չեղավ, եւ կատարվածը լուրջ տարակուսանք է առաջացրել գորիսեցիների մոտ:

Ու ենթադրվում է՝ իշխանություններն ի սկզբանե Առուշանյանին պատրաստում են այդ պաշտոնում «ընտրելու» համար՝ 26-ամյա երիտասարդի ձեռքին տալով մեծ լծակներ: Իսկ ինչո՞ւ է իշխանությունների ընտրությունը կանգ առել հենց նրա վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մարզպետ Վահե Հակոբյանը ինքնաբացարկ տվեց, եւ վարկանիշային համակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Առուշանյանը պետք է խորհրդարան գնար, սակայն նրա փոխարեն պատգամավոր դարձավ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Ավետ Ադոնցը, իսկ Առուշանյանին էլ ավելի յուղոտ պաշտոն էին խոստացել` ասելով, թե մի քանի ամիս համբերի: Ենթադրվում է՝ այդ յուղոտ պաշտոնն էլ հենց քաղաքապետի աթոռն է»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս