Ազատավանի քեֆչի գյուղապետը. ինչ նպատակով է մեկնելու Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ պատմել, որ իրենց գյուղապետ Պետիկ Ղազարյանի որդին` Լեւոն Ղազարյանը, իր անձնական հարցերի համար օգտագործում է գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան: Բացի այս՝ գյուղացիների պատմելով՝ գյուղապետ Ղազարյանը պատրաստվում է առաջիկայում գյուղապետարանի միջոցներով մեկնել Ֆրանսիա:

Տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Պետիկ Ղազարյանի հետ, եւ հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակով է մեկնելու Ֆրանսիա. «Ինձ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ասել են, որ պետք է մեկնես` համայնքների խոշորացման թեմայով»: Հարցին` ում միջոցներով է մեկնելու, գյուղապետը զայրացած արձագանքեց.

«Կառավարության միջոցներով եմ գնալու: Իմ տեղը հարմար չէ, քեֆի եմ, քավոր եմ»: Բայց գյուղապետարանի ծառայողական մեքենան որդու կողմից օգտագործվելու վերաբերյալ հարցը է՛լ ավելի զայրացրեց նրան. «Եթե մեր որդին է, մեկ-մեկ է վարում մեր մեքենան: Դուք չեք թողնում՝ ես իմ քեֆը շարունակեմ: Ես էլ իմ 100 հազարանոց ավտոս եմ ծառայեցնում ժողովորդին: Մեկ-մեկ էլ մեր տղան կքշի, ինչ է եղել որ»,- ու անջատեց հեռախոսը` առանց լսելու մեր մյուս հարցերը: Իսկ մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչու է գյուղի բուժկետը նորոգելու համար իրեն պատկանող շինանյութի խանութից օգտվել, կամ ինչպես եւ ում շնորհիվ է «անհետ կորել» գյուղի կշեռքը:




Լրահոս