Ինչո՞ւ «Աշտարակ կաթ»-ի սարքավորումները ոչ ոք չի գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի հանված սարքավորումները տեւական ժամանակ է՝ չեն վաճառվում գնորդ չլինելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի են հանվել ընկերությանը պատկանող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող արտադրական շինություններն ու հողատարածքը, որոնց արժեքը կազմում է 1 մլրդ 91 մլն 250 հազար դրամ: Բացի այս՝ վաճառքի է հանվել նաեւ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող արտադրական շինություններն ու հողատարածքները` 175 մլն 162 հազար դրամով: Իսկ նույն մարզի Ագարակ գյուղում գտնվող արտադրական շինություններն ու հողատարածքները արժեն ավելի քան 6.8 մլն դրամ: Վաճառվում են նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գտնվող արտադրական շինությունները` 57 մլն 146 հազար դրամով:

Իսկ ընկերության սարքավորումները, որոնք կիրառվել են թթվասեր, կաթնաշոռ արտադրելու նպատակով, նույնպես վաճառվում են: Օրինակ՝ կաթնաշոռի վաննաները, որոնց յուրաքանչյուրը արժի 270 հազար դրամ, գրավադրված են «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»-ում: Ըմպելի յոգուրտի սարքը 1 մլն 800 հազար դրամով է վաճառքի հանված: Նշենք, որ վաճառքի հանված սառնարանների, պոմպերի, կարագ կտրող սարքերի եւ այլ սարքավորումների ընդհանուր գինն արժի 1 մլրդ 245 մլն 860 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա դեկտեմբերի 19-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել: Ինչպես հայտնի է՝ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը:

Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է, որն էլ գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը, փոխել է իրավաբանական հասցեն, ապա ընկերությունը գրանցել է նույն անվան տակ, բայց Արցախում։ Բայց այս ամենի արդյունքում ընկերության` ՀՀ բյուջեի նկատմամբ ունեցած հարկերը այդպես էլ չեն վճարվել:

Բայց նոր սեփականատերերին, կարծես թե, չեն հուզում այդ պարտքերը: Իսկ «Աշտարակ կաթ»-ով այժմ զբաղվում են Արայիկ եւ Արտակ Ասատրյանները: Ի դեպ, Արա Ասատրյանը մի քանի տարի է՝ ԱՄՆ-ում է ապրում: Նա հենց ԱՄՆ-ից է կաթի փոշի եւ սուրճ առաքում Հայաստան: Իսկ Արտակ Ասատրյանն աշխատեցնում է Երեւանի «Ակբար թեյ»-ի գրասենյակը: Ասատրյան եղբայրները հիմա ներկայացվում են որպես «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի պատասխանատուներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս