ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս (ի՞նչ դրույքաչափերով) է հաշվարկվում հողի հարկը: Եվ ցանկանում եմ իմանալ, թե ո՞ր պահից սկսած է հաշվարկվում այն:
Գարուշ Մուրադյանն (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով:
Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ ԿԱ առընթեր կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ հողի կադաստրային գնահատման արժեքը: