Հայաստանում այս տարի, նախորդ տարիների համեմատ, որսորդների թիվը 2.5 անգամ ավելացել է: Հետեւաբար աճել է նաեւ որոշ կենդանատեսակների սիրողական որսի համար տրված թույլտվությունների քանակը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ 2015 թվականին սիրողական որսի թույլտվությունների համար վճարված գումարը կազմել է մոտ 15 մլն դրամ, 2016 թվականին` 8 մլն 520 հազար դրամ, իսկ այս տարի` 19 մլն 430 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը: Իսկ սիրողական որսաշրջանը սկսվում է օգոստոսի 26-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի վերջը: ԲՆ-ն յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն: Մինչդեռ անցած տարում սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն:
«Եթե նայենք այս թվերին, ապա պարզ է դառնում, որ անցած տարի որսորդների թիվը մոտ երկու անգամ նվազել է, իսկ այս տարի` մոտ 2.5 անգամ ավելացել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը:
Օրինակ՝ եթե 2015 թվականին «Հայաստանի որսորդների եւ հրաձիգների միավորում» ՀԿ-ն որոշ կենդանատեսակների սիրողական որսի թույլտվության համար ԲՆ-ին վճարել է 1 մլն 870 հազար դրամ, 2016 թվականին՝ 400 հազար դրամ, ապա այս տարի` 2 մլն 400 հազար դրամ: «ՀՀ որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ-ն այս նպատակով ԲՆ-ին 2015 թվականին վճարել է 5 մլն 975 հազար դրամ, 2016-ին` 2 մլն դրամ, իսկ այս տարի` 6 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ նշված ՀԿ-ն այս տարի 800 որսորդի տվել է սիրողական որսի թույլտվություն: Նշենք, որ թույլտվություն ստանալու համար քաղաքացին վճարում է 8000 դրամ:
«ՀՀ որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ-ի տնօրեն Վարդգես Խաչատրյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է որսորդների թվաքանակի ավելացմամբ: Ըստ Խաչատրյանի` լորի որսը թույլատրվում է օգոստոսի 26-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` 8 հատից ոչ ավել, յուրաքանչյուր որսի օրում: Վայրի աղավնիներից տատրակ եւ անտառային թխակապույտ աղավնի թույլատրվում է որսալ այս տարվա օգոստոսի 26-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը, բայց յուրաքանչյուր որսի օրվա ընթացքում 4 հատից ոչ ավել: Ըստ հրամանի` արտույտներ եւ սարյակներ կարելի է որսալ սեպտեմբերի 2-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, կրկին յուրաքանչյուր որսի օրում 4 հատից ոչ ավել:
Բացի այս՝ օգոստոսի 26-ից դեկտեմբերի 31-ը հնարավոր է որսալ նաեւ սեւ կեռնեխ եւ սինակեռնեխ, յուրաքանչյուր որսի օրում 3 հատից ոչ ավել: Իսկ ջրլող թռչունները` կռնչան բադերը, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ չքչքան մրտիմներ, ջրահովվիկներ, փառփառ եղեգնահավ թույլատրվում է որսալ սեպտեմբերի 15-ից մինչեւ փետրվարի 28-ը: Ի դեպ, որսի մեկ օրում թույլատրվում է որսալ 2 հատ բադ եւ 2 հատ ջրահավիկ, ոչ ավել: Իսկ ահա կտցարը` բացառությամբ ՀՀ Կարմիր գրքում գրանցվածների, հնարավոր է որսալ այս տարվա սեպտեմբերի 2-ից մինչեւ մյուս տարվա փետրվարի 28-ը, բայց յուրաքանչյուր որսի օրվա ընթացքում 2 հատից ոչ ավել:
«Ժողովուրդ»-ի հարցին` որսորդը տեղյա՞կ է, որ չպետք է որսա ՀՀ Կարմիր գրքում տեղ գտած կտցարին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը պատասխանեց, որ տվյալ թռչնատեսակը ունի խիստ տեղային բնույթ: Նրա խոսքերով՝ Կարմիր գրքում գրանցված կտցարը մի քանի տարածքում է լինում, որտեղ որսը արգելված է:
Համապատասխան հրամանով որսորդին չի թույլատրվում 8 լորից ավել որսալ, սակայն այստեղ հարց է առաջանում` եթե նա 9 կամ ավել լոր որսաց, ապա ո՞վ է վերահսկում նրան, եւ ինչ պատասխանատվության է նա ենթարկվելու: Ի պատասխան մեր այս հարցին՝ Արթուր Բեգլարյանն ասաց, որ որսահանդակներում տարածքային տեսուչներ կան, ովքեր ստուգայցեր են կատարում:
«Եթե հայտնաբերեցին, ապա արձանագրում են որպես որսի կանոնների խախտում: Իսկ տուգանքներն էլ բավականին բարձր են: Եթե մեկը մեկ-երկու հատ ավել որսա, ապա հաստատ հաջորդող որսի ժամանակ պակաս կլինեն կենդանիները, որովհետեւ մեր ստուգումներում գոյություն ունի որսագիտական տոկոս. ընդհանուր թռչունների քանակից 10-15 տոկոսից ավել չի կարելի որսալ: Բայց նշեմ, որ այս ընթացքում այդքան էլ լոր չկա, հազիվ մի որսորդ երկու կամ երեք հատ լոր որսա»,- ներկայացրեց պաշտոնյան` ընդգծելով, որ տեսուչները միշտ լինում են որսահանդակներում:
«Ժողովուրդ»-ը մասնագետից տեղեկացավ, որ եթե թույլատրվում է 8 հատից ոչ ավել լոր որսալ, եւ որսորդը որսացել է 9 հատ, ապա նա ենթարկվում է վարչական տուգանքի` 70-ից 140 հազար դրամ, ինչին գումարվում է նաեւ ավել որսված լորի վնասի հատուցումը` 2000 դրամ:
Արթուր Բեգլարյանը հայտնեց նաեւ, որ նոր կարգ է մշակվում, որպեսզի որսորդության անդամատոմս ձեռքբերողները քննությունը հանձնեն ԲՆ-ում: «Ինչպես վարորդական վկայականն են ստանում, նույն կարգով էլ որսորդական վկայականը պետք է ստանան: Կանոնները խստացվելու են: Նրանց գիտելիքները պետք է բարձր լինի, պետք է տարբերեն կենդանիներին, պահպանվող տարածքները, կենդանիների առանձնահատկությունները, եւ այլն»,- հայտնեց Բեգլարյանը:
Մեզ մնում է հուսալ, որ ԲՆ-ն օրենքի տառին հետեւելով կտրամադրի որսորդական անդամատոմս, այլ ոչ թե, ինչպես վարորդական վկայականի դեպքում է, մի կլորիկ գումարի կամ ծանոթ-բարեկամի միջոցով:
Սյունէ Համբարձումյան