Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի կնոջը և երեխաներին բերման են ենթարկել ռումբ տեղադրելու կասկածանքով. Սյուզան Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րոպեներ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը հաղորդագրություն տարածեց, որ այսօր Հանրապետության հրապարակից Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։

ArmLur.am-ի հետ զրույցում Սյուզան Սիմոնյանը նշեց, որ ոստիկանները չեն նշել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում երեխաներին և կանանց.

«Հիմքեր չեն ներկայացրել, բայց երբ արդեն ոստիկանությունում բերման ենթարկվածներից մեկը ոստիկանին հարցրել է, թե ինչու վերջիններս հիմքեր չեն ներկայացրել և առանց որևիցե բան ասելու բերման են ենթարկել, ոստիկանը պատասխանել է, որ իրենք տեղեկություն են ունեցել, որ Ռուզան Եղնուկյանը իր երեխաների հետ պատրաստվել է առավոտյան ժամը 8-ին Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել և դրա համար են նրանց բերման ենթարկել, իսկ հարցին, թե իսկ կանանց ճակատի մյուս անդամներին ինչու եք բերման ենթարկել, պատասխանել են, որովհետև դուք քաղբանտարկյալների նկարներով շապիկներ եք կրում, միայն ձեր շապիկների համար»:

Սյուզան Սիմոնյանը նշեց, որ բերման ենթարկված անձինք եղել են հրապարկում, ձեռքներին ունեցել են պաստառներ և թռուցիկներ, որոնցով ցանկացել են տեղեկություններ հաղորդել քաղբանտարկյալների մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակից սփյուռքահայերին, որոնք դուրս էին գալիս հյուրանոցից և նստում էին ավտոբուս:

ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ դիմենք ոստիկանության լրատվության բաժին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Լուսինե Առաքելյան




Լրահոս