Կարո Եղնուկյանի երեխաներն ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։

Ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու համար:
Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա:

Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բերման ենթարկված անձանցից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել, աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ավելի ուշ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մազահամերգային համալիրի մոտակայքից բերման են ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Անդրանիկ Պողոսյանը, Վահագն Ղումաշյան, Գոհար Ղումաշյանը և այլք:




Լրահոս